Նորություններ
Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքը Բարձրաշեն համայնքում
30.05.2014
Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում Համբարձման (ջանգյուլում) տոնը նշանավորվեց Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքի արարողությամբ: Հիմնադրման արարողությանը՝ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մասնակցում էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ Կճոյանը օծման արարողությունը սկսեց Տերունական աղոթքով: Տասնվեց հիմնաքարերի օծումն ավարտելուց հետո այն տեղադրվեց եկեղեցու հիմքում: Տեր Նավասարդ սրբազանը շնորհավորեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին և ողջ հավատավոր ժողովրդին հավատի տուն կառուցելու կապակցությամբ և ցանկացավ, որ այս բարձունքից հավատի, սիրո լույսը թափանցի բոլորի սրտերի մեջ:
Արարատի մարզպետը ևս շնորհավորեց ներկաներին Համբարձման տոնի և եկեղեցու հիմնարկեքի կապակցությամբ և ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Բարձրաշեն համայնքում և տեղադրել եկեղեցու որմնաքարը: Ապա շարունակելով ասաց, որ ոչ միայն եկեղեցու կառուցման, այլև համայնքների հետ կապված բոլոր հիմնախնդիրների լուծման գործում կանգնած է նրանց կողքին: Մարզի ղեկավարը շնորհավորեց նաև համայնքի ղեկավարին այս մեծ նախաձեռնության համար և եկեղեցու շինությունը կարևորեց նրանով, որ Բարձրաշեն համայնքը երբեք եկեղեցի չի ունեցել, իսկ շրջիկ քահանան Աստծո խոսքը քարոզել է՝ այցելելով տներ և դրանով զերծ պահել հավատավոր ժողովրդին քայքայիչ աղանդներից:
3000 քմ տարածքի վրա կառուցվող Սուրբ Համբարձում եկեղեցու շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2017 թվականին: