Նորություններ
ՍԿՍՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
10.06.2014
Հունիսի 10-ին Արտաշատում մեկնարկեց ամառային զորակոչը: Արտաշատի զինկոմիսարիատում ապագա զինվորներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Մրգավան համայնքի սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով: Ապա հոգևոր հովիվը հորդորեց երիտասարդներին միշտ միասնական լինել, հարգել ու սիրել միմյանց: Նա Աստծուց խնդրեց, որ հայ զինվորի վահանը անխոցելի լինի, և թշնամին երբեք չտեսնի նրա թիկունքը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց նորակոչիկներին՝ Հայոց բանակի զինվոր պատվին արժանանալու համար և ավելացրեց, որ ինքը զինկոմի միջոցով կհետևի ծառայության ընթացքին: Դիմելով ծնողներին՝ մարզի ղեկավարը հավաստեց, որ յուրաքանչյուր հարցի լուծման համար նրանք կարող են դիմել իր օգնությանը: Առաջիկայում 100 զինվորներ կվերադառնան բանակից և նրանցից շատերին կընդունի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և կշնորհավորի հայրենիքի հանդեպ քաղաքացիական պարտքը պատվով կատարելու համար: Զորակոչը, որ սկսվել է Հունիսի 10-ից, կավարտվի Հուլիսի 24-ին: Այսօր 22 երիտասարդներ գնացին համալրելու Հայոց բանակի շարքերը: