Նորություններ
Պոեզիայի օր` նվիրված Պարույր Սևակին
17.06.2014

Սևակի մահվան օրը՝ հունիսի 17-ը, Արարատի մարզում հայտարարված է պոեզիայի օր: Ավանդական դարցած օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ Զանգակատուն այցելեցին մարզային և քաղաքային կառույցի աշխատողներ, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողների միության անդամներ: Հյուրերը Սևակի շիրմաքարի մոտ խնկարկումից ու ծաղիկներով խոնարհումն արտահայտելուց հետո այցելեցին տուն-թանգարան:
Թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացավ բոլորովին վերջերս վերանորոգված որմնանկարին, որտեղ պատկերված է Սևակի մանկությունը, պատանեկությունը, գրողի անցած ճանապարհը: Տուն- թանգարանում միջոցառումը սկսվեց «Էրզրում» երգչախմբի ելույթով:Ապա գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, վերաարժեվորելով Սևակի գրական ժառանգությունը,հորդորեց աշակերտներին կարդալ Սևակի բոլոր ստեղծագործությունները, ինչը կամբողջացնի Սևակ պոետի-մարդու մասին պատկերացումները:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր ելույթում նման միջոցառումները որակեց որպես գրքի, գրականության, արվեստի, պոեզիայի քարոզչություն, ինչը կամուրջ է հնի և նորի միջև, իսկ Սևակի պոեզիան նա համեմատեց բուրվառի հետ: Միջոցառումը շարունակվեց Երևանի Տոլստոյի անվան, ինչպես նաև Աբովյանի, Արմաշի դպրոցի աշակերտների ասմունքներով, երգերով:Օրվա կապակցությամբ միջոցառման բոլոր մասնակիցներին բաժանվեց Պարույր Սևակի «Սայաթ-Նովա» մենագրությունը:
Միջոցառումից հետո մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ծանոթացավ տուն-թանգարանին կից երջանկահիշատակ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծմամբ կառուցվող երկհարկանի Զանգակատան աշխատանքներին:Կառույցում տեղ են գտել ֆոնդասենյակը, արխիվը, գիտաշխատողի սենյակը,ընդունելությունների սրահը, վարչական աշխատողների բաժինը: ՀՀ սոցներդրումների հիմնադրամի միջոցներով գարնանը սկսված աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը: