Նորություններ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
19.06.2014
Հունիսի 19-ին ՀՀ Արարատի մարզպետարանում Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ միասին ընդունեցին Արարատի մարզի Մեծ Հայրենականի այն վետերաններին, որոնք մասնակցել էին Բելառուսի ազատագրմանը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհավորեց պատվավոր հյուրերին և վետերաններին Բելառուսի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ:
Ստեպան Սուխորենկոն, շարունակելով մարզպետի ողջույնի խոսքն, ասաց, որ արդեն 70 տարի է, ինչ Բելառուսն ազատագրվել է գերմանաֆաշիստական զավթիչներից և այդ հաղթանակի մեջ անուրանալի է նաև Արարատի մարզի վետերանների դերը: Այդ առիթով նա իր խորին հարգանքն ու խոնարհումն արտահայտեց վետերաններին, ապա ավելացրեց, որ Բելառուսի նախագահի կարգադրությամբ Արարատի մարզի 20 վետերաններ հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել են մեդալներով: Պարգևները հանձնելուց հետո դեսպանը, շնորհավորելով վետերաններին, ցանկացավ, որ նման հանդիպում տեղի ունենա նաև 75-ամյակի կապակցությամբ:
Վետերանները շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար՝ ընդգծելով, որ նման պարգևի արժանացել են 2009 թվականին Բելառուսի ազատագրման 65-ամյակի կապակցությամբ:
<<Արարատ>> մարզային հեռուստատեսության տեսանյութ