Նորություններ
50-ԱՄՅԱ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՈՆԸ
27.06.2014
Հունիսի 27-ին Արտաշատ քաղաքի հմ 5 մանկապարտեզը Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում նշեց 50-րդ տարեդարձը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, քաղաքի բոլոր մանկապարտեզների տնօրենները, ծնողները: Բացելով միջոցառումը, շնորհավորելով ծնողներին, հյուրերին, մանկապարտեզի կոլեկտիվին՝ տոնի կապակցությամբ, տնօրեն Շուշանիկ Մարգարյանը անդրադարձավ մանկապարտեզի՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ներդրումներին, նրա անցած ճանապարհին: 1964 թվականից գործող մանկապարտեզն այժմ ունի 180 երեխա՝ 6-ը խմբերում: Տոնական հանդեսը խիստ հագեցված էր մանկական պարերով, խոսուն, տիպական բեմական ներկայացումներով: Յուրաքանչյուր պարին հարիր հագուստները, գեղեցիկ երաժշտությունը խոսում էին կոլեկտիվի՝ մանուկներին գեղագիտական դաստիարակություն տալուն ուղղորդված ջանքերի մասին: Հոբելյանական միջոցառումն իր ճոխությամբ վերածվեց համաքաղաքային տոնահանդեսի: Քաղաքապետ Գագիկ Մուրադյանը շնորհավորեց կոլեկտիվին և երեխաներին, ապա խոստացավ, որ դպրոցահասակ 75 երեխաներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ կնվիրի պայուսակներ և գրենական պիտույքներ, իսկ մանկապարտեզին՝ սալօջախ:
Եզրափակելով միջոցառումը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, չթաքցնելով իր հիացմունքն ասաց, որ մանկապարտեզը հասարակության ու մեր պետականության համար յուրօրինակ դարբնոց է, որտեղ մանուկ հասակից կոփվում է երեխայի հոգին, հարստանում նրա ներաշխարհը՝ դրանով իսկ ձևավորվում է ապագա քաղաքացու կերպարը: