Նորություններ
Միջոցառում` նվիրված զինծառայողների մայրերին
14.08.2014
Օգոստոսի 12-ին Արարատի մարզի Բուրաստան համաjնքի բակային ճամբարի պատվավոր հյուրերն էին բուրաստանցի 30 զինծառայողների մայրերը: Միջոցառումը կազմակերպվել էր բանակից զորացրված, ինչպես նաև աշնանը բանակ մեկնող երիտասարդների նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին հարևան համայնքների բնակիչները, նախկին զինվորականներ Սանկտ-Պետերբուրգից: Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց գյուղապետ Աշոտ Թարվերդյանի` ներկաներին ուղղված խոսքը:
Նա ասաց, որ Հայոց բանակն ամեն օր է մեր ուշադրության կենտրոնում և, որպես աապացույց, օրինակ բերեց գյուղի երիտասարդների, դպրոցակաների այցելություններն ուղեկալներ, ինչպես նաև ուղեկալի զինվորների փոխադարձ այցը: Նա հպարտությամբ ընդգծեց, որ Բուրաստանի 30 զինվորներ այսօր իրենց ընկերների հետ պահպանում են հայոց սահմանները, չորսը սովորում են Արմենակ Խամփերյանցի ռազմաօդային, Վազգեն Սարգսյանի անվան, ինչպես նաև Հունաստանի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Աշոտ Թարվերդյանն ավելացրեց, որ նրանք վերադառնալու են ու համալրեն հայոց բանակի շարքերը: Մեկ րոպե լռությամբ հարգվեց վերջին օրերին զոհված զինվորների հիշատակը: Դիմելով ծնողներին` համայնքի ղեկավարն ասաց, որ յուրաքանչյուր հայ մայր դեռ չծնված իր երեխային պետք է սնի հայրենասիրության ոգով, ինչպես արել են այստեղ ներկա զինվորների մայրերը:
Հնչեցին երգեր` նվիրված բանակին, զինվորներին: Ծնող Սեդա Հայրապետյանն իր երախտագիտությունը հայտնեց գյուղապետին և զինվորներին ու նրանց մայրերին նվիրեց<<Հաղթանակի պարը>> բանաստեղծությունը:
Զինվորի մայր Թագուհի Սեդրակյանը, խոսելով բանակում ծառայող իր զավակի մասին, ասաց, որ իրենց ուժ են տալիս և նեցուկ հանդիսանում ուշադրության նմանատիպ դրսեւորումները համայնքապետի կողմից, և Աստծուց խնդրեց, որ պատերազմ չլինի:
Նա ցանկացավ, որ աշխարհում այլևս որդեկորույս մայրեր չլինեն: Խորհրդանշական էին զինվորական համազգեստով երիտասարդների ելույթները: Նրանք, խրոխտ շարային քայլերից հետո, մանուկներին ամուր սեղմեցին իրենց կրծքին, ինչը խորհրդանշում էր, որ Հայաստան աշխարհի մանուկների, ծնողների ապագան հուսալի և ամուր ձեռքերում է:
Ազգային նվագարանների խումբը յուրօրինակ շուք հաղորդեց միջոցառմանը: Ինչպես միշտ, Էլյա Մովսիսյանի ղեկավարած <<Բուրաստան>> պարային համույթը հանդես եկավ նոր համարներով` Սասնա, Մշո, Տարոն աշխարհի պարերով, թնդաց նաեւ ավանդական <<Քոչարին>>: Եզրափակելով միջոցառումը` Աշոտ Թարվերդյանն ասաց, որ ինքը յուրաքանչյուր զինվորի, ծնողի կողքին է և պատրաստ է նրանց յուրաքանչյուր խնդիրը լուծելու: Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, համայնքապետարանի աշխատողները ամեն անգամ մեզ հիացնում են յուրօրինակ, ինքնատիպ միջոցառումներով: Եզակի այդ միջոցառումն ավարտվեց հրավառությամբ: