Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջոցառում` նվիրված զինծառայողների մայրերին

14.08.2014

Օգոստոսի 12-ին Արարատի մարզի Բուրաստան համաjնքի բակային ճամբարի պատվավոր հյուրերն էին բուրաստանցի 30 զինծառայողների մայրերը: Միջոցառումը կազմակերպվել էր բանակից զորացրված, ինչպես նաև  աշնանը բանակ մեկնող երիտասարդների նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին հարևան համայնքների բնակիչները, նախկին զինվորականներ Սանկտ-Պետերբուրգից: Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց գյուղապետ Աշոտ Թարվերդյանի` ներկաներին ուղղված խոսքը:
Նա ասաց, որ Հայոց բանակն ամեն օր է մեր ուշադրության կենտրոնում  և, որպես աապացույց, օրինակ բերեց գյուղի երիտասարդների, դպրոցակաների այցելություններն ուղեկալներ, ինչպես նաև ուղեկալի զինվորների փոխադարձ այցը: Նա հպարտությամբ ընդգծեց, որ Բուրաստանի 30 զինվորներ այսօր  իրենց ընկերների հետ   պահպանում են հայոց սահմանները, չորսը սովորում են Արմենակ Խամփերյանցի ռազմաօդային,  Վազգեն Սարգսյանի անվան, ինչպես նաև Հունաստանի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում: Աշոտ Թարվերդյանն  ավելացրեց, որ նրանք վերադառնալու են ու համալրեն հայոց բանակի շարքերը: Մեկ րոպե լռությամբ հարգվեց վերջին օրերին զոհված զինվորների հիշատակը: Դիմելով ծնողներին` համայնքի ղեկավարն  ասաց, որ յուրաքանչյուր հայ մայր դեռ չծնված իր երեխային պետք է սնի հայրենասիրության ոգով, ինչպես արել են այստեղ ներկա զինվորների մայրերը:
Հնչեցին երգեր` նվիրված բանակին, զինվորներին: Ծնող Սեդա Հայրապետյանն իր երախտագիտությունը հայտնեց գյուղապետին և զինվորներին ու նրանց  մայրերին նվիրեց<<Հաղթանակի պարը>> բանաստեղծությունը:
Զինվորի մայր Թագուհի Սեդրակյանը, խոսելով բանակում ծառայող իր զավակի մասին, ասաց, որ իրենց ուժ են տալիս և նեցուկ  հանդիսանում ուշադրության նմանատիպ դրսեւորումները համայնքապետի կողմից, և Աստծուց խնդրեց, որ պատերազմ չլինի:
 Նա ցանկացավ, որ աշխարհում այլևս որդեկորույս մայրեր չլինեն: Խորհրդանշական էին զինվորական համազգեստով երիտասարդների ելույթները: Նրանք, խրոխտ  շարային քայլերից հետո, մանուկներին ամուր սեղմեցին իրենց կրծքին, ինչը խորհրդանշում էր, որ Հայաստան աշխարհի մանուկների, ծնողների ապագան հուսալի և ամուր ձեռքերում է:   
Ազգային նվագարանների խումբը յուրօրինակ շուք հաղորդեց միջոցառմանը: Ինչպես միշտ, Էլյա Մովսիսյանի  ղեկավարած <<Բուրաստան>> պարային համույթը հանդես եկավ նոր համարներով`  Սասնա, Մշո, Տարոն աշխարհի  պարերով, թնդաց նաեւ ավանդական  <<Քոչարին>>: Եզրափակելով միջոցառումը`  Աշոտ Թարվերդյանն ասաց, որ ինքը յուրաքանչյուր զինվորի, ծնողի կողքին է և պատրաստ է նրանց յուրաքանչյուր խնդիրը լուծելու: Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, համայնքապետարանի աշխատողները ամեն անգամ մեզ հիացնում են յուրօրինակ, ինքնատիպ միջոցառումներով: Եզակի այդ միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45