Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի 100-օրյա աշխատանքային գործունեությունը

19.08.2014

ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն իր պաշտոնավարումն սկսելով 2014 թվականի մայիս ամսից` նախ ձեռնամուխ է եղել մի շարք կարևորագույն մարզային հիմնախնդիրներին հրատապ լուծումներ հաղորդելու ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:
Արդեն իսկ մեկնարկած գյուղատնտեսական տարին պահանջում էր մարզպետի հետևողականությունն ու հոգատարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ անհրաժեշ քայլեր ձեռնարկվեցին վաղ գարնանային ցրտահարության հետևանքները մեղմելու և գյուղացիներին օգնելու նպատակով ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերի, ինչպես նաև վառելիքի, սերմացուի  ներկրման աշխատանքների պատշաճ կազմակերպման և վերջիններիս բաշխման  հասցեականության ապահովման նպատակով:
Արարատի մարզպետն իր պաշտոնավարման մեկնարկային պահին,  ոռոգման տարեշրջանը բարեհաջող սկսելու նպատակով, կազմակերպեց խորհրդակցություն` մարզի ջուր օգտագործող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում հստակ նախանշվեցին այն հիմնական առաջանահերթությունները, որոնք պետք է նպաստեին մարզի համայնքներում ոռոգման նպատակով անհրաժեշտ ջրամատակարարում ապահովելուն:
Այս գործընթացին անմիջապես հաջորդեց Արարատի մարզպետի հրավերով ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը մարզ` կարտոֆիլի և լոլիկի վնասատուների դեմ պայքարի միջոցառումը համատեղ ուժերով կազմակերպելու  համար:
Գյուղատնտեսության ասպարեզում արդյունավետ գործընթացներ կազմակերպելուն միտված այս այցելության արդյունքում որոշվեց տեղադրել  ֆերոմոնային թակարդներ,  ինչի շնորհիվ այս տարի մարզը ստացավ կարտոֆիլի և լոլիկի  առատ  բերք :
Մարզում բարեհաջող կերպով իրականացվեց նաև հացահատիկի բերքահավաքի կազմակերպումը հարթավայրային, նախալեռնային և լեռնային գոտիներում:

Այս ընթացքում Արարատի մարզպետի գործունեության առանցքը դարձավ նաև մարզի համայնքների ամենատարբեր ենթակառուցվածների նկատմամբ ուշադրության ցուցաբերումը: Մարզի համայնքներ կատարվող պաբերական այցելությունները, բնակիչների հետ շփումներն ու քննարկումները նպաստեցին համայնքանպաստ որոշումների կայացմանն ու համայնքային շատ հիմնախնդիրներին հրատապ լուծումներ հաղորդելուն:
Ասվածի լավագույն օրինակ կարող է համարվել Այգեպատ համայնքում ավարտին հասցված 2.3 երկարությամբ ոռոգման ջրագիծը, ինչը նպաստեց   110 հա հողերի լիարժեք ոռոգմանը, որոնք տարիներ շարունակ չէին ոռոգվում կամ ոռոգումը կազմակերպվում էր ոչ լիարժեք: Հավելենք, որ աշխատանքներ են տարվում  մարզի 67 հակակարկտային կայանները երկրորդ շարքով համալրելու ուղությամբ:
Համայնքային այցելությունների ընթացքում մարզպետն այցելել է համայնքային ենթակայության տարբեր կազմակերպություններ. մշակույթի տներ, մանկապարտեզներ, գրադարաններ և այլն: Արդյունքում լուծումներ են տրվել համանման կառույցներում առկա շատ խնդիրների: Մարզպետի այցելությունների ընթացքում տրված հանձնարարականի արդյունքում հիմնովին լուծվեց Արտաշատի թիվ 5 մանկապերտեզի ջեռուցման հիմնախնդիրը, որը հնարավորություն կտա ձմռան ամիսներին այս նախակրթարանի սաների պարապմունքները կազմակերպել տաքացվող սենյակներում: Շատ հիմնախնդիրների լուծումներ էլ դեռևս առջևում են:
Ամռան ամիսներին Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում էին նաև մարզի մանուկներն ու վերջիններիս ամառային հանգիստը կազմակերպելու աշխատանքները: Մարզպետի կողմից խրախուսվեցին  բակային ճամբարների ձևավորման աշխատանքները: Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն անձամբ մասնակցեց Բուրաստան համայքի բակային ճամբարի բացմանը:
ՀՀ Կառավարության կողմից տրամադրված համապատասխան ֆինանսավորման արդյունքում <<Հեքիաթային կիրճ>>  մանկական առողջարարական ճամբարում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաները մեծագույն ոգևորությամբ ընդունեցին Արարատի մարզպետի անակնկալ այցելությունը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մարզպետը հանդիպում ունեցավ Խարբերդի մասնագիտացված մանկատան կոլեկտիվի և երեխաների հետ:
Արարատի մարզպետի կողմից իրականացվող մարզային գործընթացների առանցքում էին կրթության բնագավառի հիմնախնդիրները: Նախորդ ուսումնական տարվա ավարտն ու գալիք ուսումնական տարվա մեկնարկը պատշաճ կազմակերպումը դարձան մարզպետի կողմից ոլորտի պատասխանատուներին տրված հիմնական հանձնարարականները` մարզում որակյալ կրթություն ապահովելու գերակա շեշտադրումներով:
Ռ. Աբրահամյանն ընդունեց դպրոցականների հանրապետական օլիմպիադայի հաղթողներին`  նրանց արժանացնելով համապատասխան խրախուսանքների և պատգամելով, որ այսուհետ ևս ամենատարբեր օլիմպիադաներում պետք է կարողանան բարձր պահել իրենց մարզի պատիվն ու հեղինակությունը:
ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամայնի Արարատի մարզ կատարած աշխատանքային այցելության շրջանակներում ՀՀ Վարչապետն ու Արարատի մարզպետը եղել են նաև մարզի միասնական քննական կենտրոններում, զրուցել միասնական քննությունների մասնակցող շրջանավարտ-դիմորդների հետ:
Մարզային առօրյան լեցուն էր նաև մարզա-մշակութային բազմաթիվ իրադարձություններով: Բնագավառում առկա խնդիրները մանրամասն դիտարկելուց հետո` Արարատի մարզպետը ոլորտի պատասխանատուների հետ քննարկեց մարզի մշակույթի և սպորտի բնագավառներին նորովի լիցքեր հաղորդելուն միտված մի շարք առաջնահերթ ծրագրեր:
Այս ամենին զուգահեռ կազմակերպվեց այցելություն Պ.Սեւակի տուն-թանգարան, կից կառուցվող Զանգակատան շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով:
Մարզպետ Աբրահամյանը մասնակցեց նաև  <<Պոեզիայի օր>> միջոցառմանը, որի ընթացքում ևս արվեստագետների հետ նախանշվեցին մարզում նորովի մշակութային ավանդույթներ կերտելու նպատակով տարաբնույթ նախաձեռնություններ ցուցաբերելու կարևորությունները:
Արարատի մարզի արտաքին շփումները ևս համարվեցին առաջնահերթ ուղղություններ: Արարատի մարզպետը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոյի հետ` քննարկելով Բելառուսի Հանրապետության վարչատարածքային միավորների հետ նոր շփումներ ձևավորելու հնարավորությունները: Այս հանդիպման ավարտին Արարատի մարզպետն ու  դեսպանը Բելառուսի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ մեդալներ և պատվոգրեր հանձնեցին Բելառուսի ազատագրման մասնակցած  մարզի վետերաններին:
Մարզպետի հանձնարարությամբ հանգամանորեն վերլուծության ենթարկվեցին մարզի առողջապահության բնագավառի գործունեության ուղղությունները, որի արդյունքում պետք է մշակվեն ու իրագործվեն մարզի բնակչության համար առանցքային կարևորություն ունեցող այս բնագավառի զարգացման և արդյունավետության լայնամասշտաբ ծրագրեր:
 Բուժաշխատողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվեց մարզի բուժաշխատողների ընդունելություն և պարգևատրում, որի ընթացքում Արարատի մարզպետը հերթական անգամ կարևորեց մարզի բնակչության համար որակյալ, ժամանակի պահանջներին համահունչ և հոգատար բուժսպասարկում կազմակերպելու հանգամանքը:
Առողջապահության համակարգի արդիականացմանը միտված ձեռնարկները քննարկվել են նաև ՀՀ Առողջապահության նախարարի մարզ կատարած այցելության շրջանակներում:
 Ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները բարեհաջող կազմակերպելու նպատակով կազմակերպվեց հանդիպում տարածաշրջանային զինկոմիսարիատների զորակոչային հանձնաժողովների հետ` վերջիններիս աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով:
Առանձնահատուկ ուշադրություն  է ցուցաբերվել մարզի հոգևոր հատվածում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Նորաբաց համայնքում տեղի է ունեցել  Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Օծումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:
Մարզպետը մարզի Բարձրաշեն համայնքում մասնակցել է Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքի արարողությանը:
Ռ. Աբրահամյանը մասնակցել է նաև ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող <<Արի տուն>> ծրագրի հերթական փուլերից մեկի փակման արարողությանը` սփյուռքահայ երիտասարդներին հայտնելով մարզում մշտապես նրանց հյուրընկալելու պատրաստակամություն:Ծրագիրը մարզում բարեհաջող իրականացնելու համար մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը արժանացել է Սփյուռքի նախարարի պատվոգրի:
Մարզպետարանի վերջին գրեթե 100 օրերի գործունեության մաս են կազմել մարզի տնտեսական ցուցանիշների հստակ վերլուծությունները, որոնք դարձել են ՀՀ Արարատի մարզպետի ընթացիկ հաշվետվության հիմքը և ներկայացվելու են հանրությանը: Մարզային գործընթացների կարևորագույն բաղադրիչ են համարվել նաև ինչպես ՀՀ Կառավարության կողմից տրամադրված հրատապ ծրագրերի, այնպես էլ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականցվող շինարարական աշխատանքները, որոնց որակյալ և պատշաճ կազմակերպումը եղել և մնում է մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին Արարատի մարզպետի կողմից տրվող  ամենօրյա հանձնարարականների հիմնական ուղղությունը:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մեծապես կարևորել է հրապարակային ու թափանցիկ աշխատաոճը, ինչպես նաև մարզպետարան-մարզի բնակիչներ սերտ կապի ապահովումը: Պաշտոնավարման առաջին  օրը    Արարատի մարզպետարանում Ռուբիկ Աբրահամյանի ջանքերով ստեղծվել է  ՙ<<Թեժ գիծ>>, որը լավագույն հնարավորություն է մարզի շատ բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հրատապ արձագանքելու և համապատասխան աջակցություն ցուցաբերելու հարցում:
Մարզպետը պարբերաբար կազմակերպել է քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում ևս լուծումներ են ստացվել բազում և բազմապիսի սոցիալական խնդիրներ:
    Այս ամենով հանդերձ հարկ է նկատել, որ առկա են մարզի շարունակական զարգացմանն ու մարզային ամենատարբեր ենթակառուցվածքների աշխատանքների կատարելագործմանը միտված ընդգրկուն ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու առաջիկայում:
                                                          

                                                     ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի
                                                        տեղեկատվության և հասարակայնության հետ
                                                                                                             կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:12:13