Նորություններ
Հրաժեշտ ճամբարին
22.08.2014
Բուրաստանի բակային ճամբարում օգոստոսի 21-ին հանդիսավոր արարողությամբ 19 երեխաներ, որոնք այս տարի պետք է հաճախեն դպրոց, ստացան պայուսակներ` անհրաժեշտ գրենական պիտույքներով: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը նախօրոք ծնողներին զզուշացրել էր, որ այդ քաղցր հոգսը կրելու է գյուղապետարանը: Գնումներ կատարելիս գյուղապետին իրենց խորհուրդներով օգնել են դասվարներ Ամալյա Սեդրակյանը , Աիդա Գալստյանը: Ամեն ինչ արված էր, որպեսզի ոչ մի մանրուք չմոռացվի, նույնիսկ ուշադրություն էին դարձրել գունային երանգների վրա: Աղջիկները ստացան կարմիր պայուսակներ, իսկ տղաներին բաժին հասավ կապույտը:
Յուրօրինակ երեկոյին մասնակցում էին մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, Մասիս գյուղի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը: Առաջին դասարանցիներին շնորհավորելու էին եկել նաև շրջանավարտները: Նրանք շնորհավորեցին և գեղեցիկ երգեր նվիրեցին առաջին դասարանցիներին՝ հորդորելով լավ սովորել, որովհետեւ իրենք զգում են թույլ տված բացթողումների հետևանքները: Մասիս դպրոցի փոխտնօրեն Նազարյան Վալյան իր ելույթում երախտիքի և գնահատանքի խոսքեր ասաց համայնքի ղեկավարին, համայնքապետարանի աշխատողներին, որոնք երկու ամիս շարունակ, ապահովելով երեխաների անվտանգությունը (ճամբարը կից է կենտրոնական ճանապարհին), բազմաբովանդակ միջոցառումներով հետաքրքիր ու իմաստալից են դարձրել երեխաների ամառային հանգիստը, իսկ այս նվիրատվությունը մի յուրօրինակ արարք է, որ երբեք չի ջնջվի մանուկների հիշողությունից: Շարունակելով փոխտնօրենի խոսքը` ծնողները ևս շնորհակալություն հայտնեցին գյուղապետ Աշոտ Թարվերդյանին, համայնքապետարանի աշխատողներին` ուշադրության և իրենց հոգսը թեթևացնելու համար: Փոքրիկները թոթովեցին իրենց շնորհակալությունը: Այնուհետև երեխաները շարունակեցին մանկական երգն ու պարը:
Միջոցառումը եզրափակեց Աշոտ Թարվերդյանը` հորդորելով երեխաներին լավ սովորել դպրոցում, որովհետև միայն գիտելիքներով կարելի է շենացնել հայրենի երկիրը: Նա մեկ անգամ ևս շնորհավորեց նրանց ոտնամուտը դպրոց:
Այդ յուրօրինակ միջոցառումը ևս բացառություն չէր. օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ