Նորություններ
Մինչ հաջորդ ամառ
28.08.2014
Բուրաստանի բակային ճամբարն օգոստոսի 25-ին ավելի լեփ-լեցուն էր, քան երբևէ: Այդ օրը ճամբարի հանդիսավոր փակմանը ներկա էին մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը, համայնքապետեր, հյուրեր ՌԴ-ից, ինչպես նաև այն ոստիկանները, որոնք երկու ամիս շարունակ ապահովել էին երեխաների անվտանգությունը: ՀՀ օրհներգից հետո գյուղապետ Աշոտ Թարվերդյանը պատվոգրեր հանձնեց <<լավագույն երգիչ>>, <<լավագույն սցենարիստ>>, <<լավագույն զգոն ոստիկան>>, <<լավագույն ջոկատավար>>, <<լավագույն համույթ>> և այլ անվանակարգերում հաղթողներին: Այդ օրը շուրջ 30 հոգի երկամսյա իրենց գործունեության համար արժանացան պատվոգրերի:
Ճամբարականներին իրենց գործունեության համար շնորհավորեց Մասիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանը: Նա ասաց, որ ոչ միայն չափազանց դժվար էր գյուղապետի և աշխատակազմի համար երկու ամիս շարունակ տարբեր միջոցառումներ կազմակերպելը, այլև երեխաների անվտանգությունն ապահովելը, քանի որ կենտրոնական ճանապարհն անցնում է Ճամբարի կողքով:
Բակային ճամբարը հետաքրքիր դարձրեց երեխաների առօրյան: Նրանք սովորեցին ինքնուրույն աշխատել, ձերբազատվել բարդույթներից: Համատեղ աշխատանքը համախմբեց նրանց: Թե’ տարրական , թե’ բարձր դասարանցիները համարձակ և աներկյուղ ելույթ էին ունենում: Էլ խոսք չկա <<Բուրաստան>> պարային համույթի մասին, որը, ղեկավար Էլյա Մովսիսյանի ջանքերով, օր օրի վարպետանում է: Շնորհակալություն հայտնեցին նաև ծնողները: Նրանք ընդգծեցին, որ իրենց համար ևս հետաքրքիր էր ճամբարային առօրյան, որովհետև դաշտից վերադառնում են ճամբար: Նրանք իրենց հանգիստը երկու ամիս անցկացրեցին բակային ճամբարում:
Շնորհավորելով իր ընկերներին, ճամբարականներին, համայնքի աշխատողներին` Աշոտ Թարվերդյանն ասաց, որ եթե չլիներ նրանց օգնությունը, չէր լինի նաև այս համատեղ գեղեցիկ նախաձեռնությունը: Նա բարի երթ ցանկացավ երեխաներին և շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Բուրաստանի բնակիչ Սյուզաննա Գևորգյանն, ով աշխատում է <<Կիլիկիա>> գարեջրի գործարանում, այդ օրն իր միջոցներով երեխաներին հյուրասիրեց գործարանում արտադրած թարմ հյութերով: