Նորություններ
Նոր ուսումնական տարին նոր դպրոցներում
01.09.2014
Սեպտեմբերի 1-ը՝գիտելիքի օրը, Արարատի մարզի Մասիս քաղաքի ՀՄ 5 դպրոցում և Վարդաշենում նշանավորվեց եռակի տոնով. երկու դպրոցում էլ աշակերտները նոր ուսումնական տարին դիմավորեցին նոր դպրոցում: Սեպտեմբերի 1-ը նշանավորվեց նաև այս դպրոցների բացման արարողությանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի մասնակցությամբ և շնորհավորանքով: Վերոհիշյալ դպրոցի բակում աշակերտները հանդիսավորությամբ ողջունեցին պատվարժան հյուրերին: Դպրոցի տնօրեն Ալինա Ազնավուրյանը ելույթի խոսքում շնորհակալություն հայտնեց վարչապետին, ԾԻԳ-ի ողջ կոլեկտիվի աշխատողներին, շինարարներին այս շքեղ ու գեղեցիկ դպրոցը կառուցելու համար, որի շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թվականին, ինչի համար ներդրվել է 317 մլն դրամ: Տնօրենը հավաստեց, որ այս երեք հոսքով դպրոցի կոլեկտիվը ոչ մի ջանք չի խնայի հայեցի սերունդ կրթելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով ուսուցչական կոլեկտիվին,աշակերտներին, վերջիններիս հորդորեց լավ սովորել, այս ոսկի օրերը ապարդյուն չվատնել, որովհետև կիրթ սերունդը Հայաստանի համար գազ է, նավթ է, ոսկի է և ամեն ինչ:
Կտրվեց կարմիր ժապավենը: Հյուրերը շրջեցին դասասենյակներով, որոնք կահավորված են դպրոցական արդիական կահույքով, իսկ լաբորատորիաները՝ գերժամանակակից սարքավորումներով:
Վարդաշենի դպրոցում հյուրերին դիմավորեցին նույն հանդիսությամբ: Դպրոցի տնօրեն Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2008 թվականից, որի համար քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ը ներդրել է 456 մլն. 624 հազ. դրամ: Այժմ նախկին վագոն-դասարաններին փոխարինել է նորակառույց դպրոցը, որը համալրվել է դպրոցական կահույքով: Տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց կառավարությանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետը ելույթի ու շնորհավորանքի խոսքում ներկաներին հավաստեց, որ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անելու մատաղ սերնդի դաստիարակության համար` նախակրթարաններից մինչև ավարտական դասարաններ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը կտրեցին տոնական ժապավենը:
Երկու դպրոցներում էլ օրհնության կարգը կատարեց Արարատ քահանա Օրդյանը: