Նորություններ
Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում
05.09.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Արարատի մարզպետարանում՝ պետական ծրագրերի իրականացման, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում իրականացվող աշխատանքների ընթացքին և խնդիրներին ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի եւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուներ:
Փոխվարչապետին նախ տեղեկություններ ներկայացվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի ընթացքի մասին: Ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերանորոգվում է քսան դպրոց, բարեկարգվում են համայնքային եւ մարզային նշանակության ճանապարհներ: Զեկուցվեց, որ դպրոցաշինական բաղադրիչում ընդգրկված ծրագրերի մի մասն արդեն ավարտված է, առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն նաև ընթացքում գտնվողները: Ճանպարհաշինական բաղադրիչով կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 50 տոկոսը: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց մշտական վերահսկողություն իրականացնել որակի նկատմամբ՝ ընդգծելով, որ պետական ծրագրերով բոլոր աշխատանքները պետք է կատարվեն առանց թերությունների:
Հինգերորդ հրատապ ծրագրով նաև շուրջ 200 մլն դրամ է հատկացվել ցրտահարության հետևանքները մեղմելուն ուղղված աջակցության ծրագրերի, մասնավորապես հողի հարկն ամբողջությամբ և ջրի վարձավճարների 50 տոկոսը փոխհատուցելու համար: Զեկուցվեց, որ մարզի՝ ցրտահարությունից տուժած շահառուների իրազեկման նպատակով վերջիններիս ցուցակները տեղադրված են մարզպետարանի կայքում, և գործընթացն իրականացվում է բաց ու հրապարակային:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման՝ 2014թ. ութ ամիսների ցուցանիշները: Համայնքների եկամուտների կատարողականը կազմել է 99,5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9,1 տոկոս աճ է արձանագրվել, հողի հարկի կատարողականը կազմել է 101,8 տոկոս՝ արձանագրելով 3, 4 տոկոս աճ, իսկ գույքահարկի կատարողականը կազմել է 104 տոկոս՝ աճելով 24, 8 տոկոսով:
Նշվեց նաև, որ մարզում արդեն սկսվել են պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքները: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի պահածոների գործարանները մթերել են 1140տ պտուղ եւ 8891տ բանաջարեղեն, գինու և կոնյակի գործարանները մթերումներն սկսել են այսօրվանից:
Մարզպետարանի պատասխանատուներն արդյունավետ համարեցին պտղակեր վնասատուների դեմ ֆերոմոնային թակարդներով պայքարի կառավարության ծրագիրը՝ առաջարկելով կառավարությունում քննարել ծրագրի շարունակման հնարավորությունը:
Նշվեց նաեւ, որ մարզպետարանն աջակցում է Բնապահապանության նախարարության կողմից մարզի ձկնաբուծական տնտեսություններում իրականացվող խորքային հորերի փակման եւ կոնսերվացման գործընթացին, կատարվում են համապատասխան իրազեկման աշխատանքներ:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմիններում վարչական վերահսկողության իրականացման, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների, ինչպես նաև մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնների գործունեության հետ կապված հարցեր: Մարզում գործում է չորս նման կենտրոն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուները համատեղ կքննարկեն կենտրոնների գործունեության ընթացքում առաջացած խնդիրներն ու լուծումներ կգտնեն:
Փոխվարչապետն այնուհետեւ առանձին խորհրդակցություն անցկացրեց մարզի ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների եւ Ջրտնտպետկոմի պատասխանատուների հետ:
Նկատելով, որ սակավաջրությամբ պայմանավորված՝ տարին բավականին լարված է եղել ոռոգման համակարգի համար, փոխվարչապետը միաժամանակ ընդգծեց մինչև սեպտեմբերի վերջ գյուղացիական տնտեսություններին ջուր հասցնելու կարեւորությունը: Նա ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց անել առավելագույնը եւ աշխատել խիստ կազմակերպված՝ ջուր մատակարարելով սահմանված ժամանակացույցերին համապատասխան, որպեսզի ջրի բացակայության պատճառով գյուղացին բերքի կորուստներ չկրի:
Հատկապես քննարկվեցին "Արտաշատ" ՋՕԸ-ի սպասարկման տարածքում գտնվող Վերին Դվին եւ հարակից մյուս համայնքներում Ազատի ջրամբարում ջրի նվազման հետևանքով առաջացած խնդիրները: Փոխվարչապետը պատասխանատուներին առաջարկեց ուսումնասիրել խնդիրներն ու տեղական իշխանությունների հետ համագործակցաբար տեխնիկական լուծումներ գտնել: Նա նաև առաջարկեց մարզային լրատվամիջոցներով բնակչությանն իրազեկել ոռոգման ժամանակացույցերի և ռեժիմների մասին:
ՀՀ ՏԿՆ պաշտոնական կայք