Նորություններ
Մեկնարկեց խաղողի մթերումը
05.09.2014
Այսօր, սեպտեմբերի 5-ին, <<Երևանի կոնյակի գործարան>>-ի Արարատի մարզի Այգավան մասնաճյուղում մեկնարկեց խաղողի մթերումը: Մթերման ընթացքին հետևելու համար մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանն Այգավանի գործարանում էին: Մասնաճյուղի տնօրեն Համլետ Անտոնյանը գերատեսչության և մարզի ղեկավարին, ինչպես նաեւ ԶԼՄ-ներին ասաց, որ այս տարի Երեւանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 37 հազար տոննա խաղող` 2 հազար տոննայով գերազանցելով իր իսկ կողմից նախորդ տարի արձանագրած մթերման աննախադեպ բարձր ցուցանիշը:
Խաղողի մթերումը սեպտեմբերի 5-ին մեկնարկեց Այգավանի մասնաճյուղում(Արարատի մարզ), 6-ին կմեկնարկի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ), 15-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Տնօրենը նշեց, որ մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ` Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար, 140 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար` համապատասխանաբար անցյալ տարվա 145 և 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո 3-4 բանկային օրվա ընթացքում:
Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կշարունակի մթերումը անցյալ տարի մեկնարկած երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործներից: Այս տարի ընկերության կողմից 7-ամյա պայմանագրային ծրագրով մթերվող խաղողի ծավալը կկազմի ընկերության մթերման ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը:
Հաշվի առնելով խաղողի մթերման հետզհետե աճող միտումները` ընկերությունը ձեռնամուխ է եղել հզորությունների ընդլայման ծրագրին: Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում շուտով կավարտվեն թորման նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նոր արտադրամասը ևս հագեցված կլինի շարանտական տիպի 3 թորման սարքերով: Ներդրումների հաշվին հզորացվել է նաև Այգավանի մասնաճյուղը: Հյուրերը շրջեցին վերամշակման, խմորման բաժանմունքներում, գինու, կոնյակի պահեստներում: Այնուհետև մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և գյուղնախարարը պատասխանեցին լրագրողների հարցերին: