Նորություններ
Պարգևատրվեցին խիզախները
12.09.2014
Այսօր Արարատի մարզի Արարատ գյուղում սահմանախախտին ձերբակալած Ռաֆիկ Պետրոսյանին և Կարո Դավթյանին արժանացրեցին խրախուսանքի: Արարողությունը կատարվեց Մեծ հայրենականում զոհվածների հուշակոթողի մոտ: Հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի բնակիչները, սահմանապահ ուղեկալի զինվորները, հրամանատարական կազմը, պատանի երկրապահները, ապագա սահմանապահները, երրորդ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը` տնօրեն Բենիկ Բալայան գլխավորությամբ, ինչպես նաև <<ՄԻՐ>> և<<Զինուժ>> հաղորդաշարերի ներկայացուցիչները, Արարատի մարզային լրատվամիջոցները:
Միջոցառումը բացեց գյուղապետի տեղակալ Զավեն Ղազարյանը: Նա շնորհավորեց ողջ համայնքին, արարատցի խիզախներին: Ապա ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Անդրեյ Կուլիշը ներկայացրեց արարատցի խիզախների գործողությունները: Նա նշեց, որ, ինչպես պարզվել է, սահմանախախտը Աֆղանստանի քաղաքացի Ֆարիդ Սատարան է` ծնված 1988 թվականին: Նա ապօրինի խախտել է Իրանի սահմանը` այնտեղից անցնելով Թուրքիայի Հանրապետություն` իբր նպատակ է ունեցել գնալ Վան` հանդիպելու այնտեղ ապրող իր ընտանիքին: Սակայն նա մոլորվել է և խախտել Հայաստանի պետական սահմանը: Տեղազննման ժամանակ Արաքսի ափին հայտնաբերվել է Սատարայի սպորտային ուսապարկը`անձնական իրերով: Իսկ Սատարայի մոտ հատնաբերվել են պարսկական և եվրոպական փողեր: Գնդապետը արարատցի բնակիչներին՝ Ռաֆիկ Պետրոսյանին և Կարո Դավթյանին խրախուսեց պատվոգրով եւ դրամական պարգևով`Հայաստանի պետական սահմանը պաշտպանելու գործում ցուցաբերած խիզախության և պատրաստականության համար: Նա մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց արարատցի խիզախներին, ասաց, որ նրանք իրենց գործունեությամբ հերթական անգամ հաստատեցին <<սահմանը պաշտպանում է ողջ ժողովուրդը>> հայտնի դարձվածքը:
Խիզախները պատմեցին, որ սահմանախախտին ձերբակալելն այնքան էլ հեշտ չի եղել: Նրանք հետապնդել են Սատարային, ապա ձերբակալել: Այդ պահին օգնության են հասել <<Երասխ>> սահմանապահ ուղեկալի զինվորները` ավագ լեյտենանտ Պուրտրա Դենիսի գլխավորությամբ: