Նորություններ
Երգը բարեկամության կամուրջ է
18.09.2014
Սեպտեմբերի 17-ին Արարատի մարզի Դիմիտրով համայնքի հայ-ասորական դպրոցում մեկնարկեց ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի դպրոցական փուլը: Հինգերորդցիները բազմաթիվ ռուսական ասացվածքների, թևավոր խոսքերի հետ մեկտեղ նշեցին ռուսերեն լեզվի դերն ու նշանակությունը: Ռուսերեն լեզվի ուսուցչուհի Նարինե Մխիթարյանը նրանց հանձնարարեց գրել շարադրություն: Փառատոնի ընթացքում դպրոցներում կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ` գրական-երաժշտական երեկոներ, բաց դասեր, թատերական ներկայացումներ, ինչպես նաև կանցկացվի ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ տարբեր ժանրերում, նաև լավագույն շարադրությունների մրցույթ: Մրցույթից հետո, ձևավորվում է հաղթողների դպրոցական թիմը` մարզային փառատոնին մասնակցելու համար: Դպրոցական փուլին կհաջորդեն մարզային (հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը), ապա եզրափակիչ` հանրապետական փուլերը (նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 30-ը): Փառատոնը կավարտվի երզրափակիչ համերգով:
Մինչ փառատոնի մեկնարկը, կազմկոմիտեն` Աղայան Վլադիմիրի գլխավորությամբ, Արարատի մարզպետարանում՝ մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչի մոտ, կազմակերպչական հարցերի վերաբերյալ զրուցեցին և կարծիքներ փոխանակեցին կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և փառատոնի կազմակերպման և անցկացման հարցերով պատասխանատու Մանուշ Ռուշանյանի հետ: Վլադիմիր Աղայանն ընդգծեց, որ ավանդական դարձած այս փառատոնը Արարատի մարզում միշտ էլ հաջող ընթացք է ունեցել, ուստի այս տարին ևս բացառություն չի լինի: Փառատոնի կազմկոմիտեն, որ ձևավորվում է Ռուսաստանի հայերի միության, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի վարչությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներից, մասնակիցներին բաժանեց գրքեր, որոնցում տեղ էին գտել նախորդ փառատոնի ընթացքում Արարատի մարզի ձեռք բերած հաջողությունները:
Փառատոնի նպատակն է` աջակցել ռուսաց լեզվի հանրայնացմանը, Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողավրդի մշակութային և հոգևոր արժեքներին: