Նորություններ
Ի նշան երախտագիտության
22.09.2014
<<Արտաշատի ԲԿ>> ՓԲԸ-ի մանկական բաժանմունքում բացվեց ինտենսիվ թերապիայի` երկու մահճակալով հիվանդասենյակ` մանուկների առողջության համար խիստ անհրաժեշտ թթվածնային քաղցը հագեցնող արդիական վեց սարքավորումներով: Թոքերին, սրտին թթվածին մատակարարող սարքավորումները հիվանդանոցի համար նորություն էին:
Այսուհետև թթվածնային քաղցով ծնված երեխաները 24 ժամ շարունակ այդ սարքավորումների օգնությամբ կստանան կանոնավոր բուժում: Սենյակն ունի նաև սանհանգույց, բաղնիք` մշտական տաք և սառը ջրով: Հիվանդանոցի համար այս բարեգործությունն արել է Կարեն Յակուբովը: Նրա երեխան մի քանի տարի առաջ բուժվել է այստեղ: Տեսնելով հիվանդանոցի անբարենպաստ պայմանները` նա այս բարեգործությունն իրագործել է` դրանով իսկ փրկելով բազմաթիվ մանուկների կյանք: Հիվանդանոցի տնօրեն Վարդան Հովհաննիսյանն ասաց, որ սա կարևորագույն օգնություն է երեխաների համար: Նա ցանկացավ, որ Յակուբովի ֆինանսական միջոցներն այնքան մեծ լինեն, որ նա մի օր կարողանա հիմնանորոգել մանկական բաժանմունքը:
Արարողությանը մասնակցում էր մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, խորհրդական Ալբերտ Յակուբովը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը: