Նորություններ
Բուրաստանում նշվեց ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձը
22.09.2014
Սեպտեմբերի 21-ին Արարատի մարզի Բուրաստան համայնքը նշեց ՀՀ անկախացման 23-րդ տարեդարձը: Տոնակատարությանը մասնակցում էին Բուրաստանի և շրջակա համայնքի բնակիչները, ինչպես նաև ՀՀ Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահ, Արարատի մարզի նախագահ Վահե Մանուկյանը, նրա սաները, ԱՄՆ Խաղաղության կորպուսի 10 ներկայացուցիչներ` Աննա Առաքելյանի ղեկավարությամբ:
ՀՀ օրհներգից հետո համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանը, ներկաներին շնորհավորելով տոնի կապակցությամբ, ասաց, որ յուրաքանչյուրիս պարտքն է նպաստել մեր հայրենիքի` անկախ Հայաստանի զարգացմանը, հզորացմանը: Միջոցառումը շարունակվեց <<Բուրաստան>> պարային համույթի ելույթներով: Երեխաները կատարեցին ազգագրական պարեր, ինչպես նաև մենապարեր:Ուշագրավ էին հատկապես <<Կակաչներ>> և <<Սևան>> պարերը: Այնուհետև Դուքենդո ֆեդերացիայի սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով: Մասնակցում էին մարզի հանրակրթական 5 դպրոցների սաներ, որոցից յուրաքանչյուրն աչքի ընկավ մարտարվեստի հնարքների յուրօրինակ ցուցադրումով: Ֆեդերացիայի նախագահի տեղակալ Վահե Մանուկյանը տոնի կապակցությամբ և մարտարվեստի զարգացման գործում ներդրված ջանքերի համար գյուղապետ Աշոտ Թարվերդյանին պարգևատրեց ֆեդերացիայի շնորհակալագրով:
Միջոցառումը շարունակվեց անհատ կատարողների ելույթներով: Պարողների հետ շուրջպար բռնեցին նաև Խաղաղության կորպուսի ամերիկացի ներկացուցիչները: Համայնքի բնակիչները նրանց ծաղիկներ նվիրեցին: Միջոցառման վերջում ամերիկացի հյուրերը հուշամատյանում կատարեցին իրենց գրառումները, որոնցից ուշագրավ էր հետևյալը. <<Հայ ժողովրդի մեծությունը կարելի է տեսնել անծանոթի նկատմամբ նրա բարության մեջ>>: Իսկ մեկ այլ գրառման մեջ նրանցից մեկը շնորհակալություն է հայտնում այն բանի համար, որ իրենք մասնակից դարձան ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառմանը: