Նորություններ
Անկախության տոնը` մանկապարտեզում
23.09.2014
Այսօր` սեպտեմբերի 23-ին, Գետազատ համայնքի մանկապարտեզում նշվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Մանկապարտեզի կոլեկտիվը և մանուկներն ավանդական կարգով դիմավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչին, օգնական Նարեկ Ասլանյանին, գյուղապետ Գարեգին Հարությունյանին: Մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ողջույնի և բացման խոսքից հետո ասաց, որ անկախությունը յուրաքանչյուր հայի սեփականությունն է, ուստի և մեր մանկապարտեզը չէր կարող շրջանցել այդ կարևորագույն տոնը: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հանդիսավոր շարքով բակ մտան երեխաները` <<Ես հայ եմ>> մակագրությամբ վերնաշապիկներով, ձեռքերին` փոքրիկ եռագույնը: Նրանք պատմեցին անկախության նվաճման, եռագույնի, զինանշանի մասին, ապա սաներն իրենք համադրեցին գույները` ստանալով եռագույնը, ինչը խորհրդանշում է նրանց մասնակցությունը պետականության կերտմանը: Երեխաները կատարեցին Հայաստանին, բանակին նվիրված երգեր: Միջին և ավագ խմբերով մանկապարտեզը, չնայած շենքային վատ պայմաններին, միշտ էլ կազմակերպում է հետաքրքիր, ուսուցանող միջոցառումներ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով մանկապարտեզի կոլեկտիվին բովանդակալից, ուսուցանող միջոցառման համար, որի խորհուրդը Հայաստանի անկախությունն է, կարևորեց միջոցառումն` ասելով, որ հենց մանուկ հասակից պետք է երեխաների մեջ սերմանել հայրենիքի, պետականության նկատմամբ սեր ու հարգանք, ինչն այդպես հետևողականորեն անում է մանկապերտեզի կոլեկտիվը: