Նորություններ
Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն
24.09.2014
Սեպտեմբերի 24-ին Արարատի մարզի Դարակերտ համայնքում բացվեց ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ԳԱՌԴ հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը և այլ պաշտոնատար անձինք: Բացելով միջոցառումը և շնորհավորելով ֆերմերային տնտեսություններին` գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ ջերմոցային տնտեսությունները հզոր չափով կօգնեն մեր ֆերմերների առաջընթացին:
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն ԳԱՌԴ հիմնադրամի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցության շնորհիվ, ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ հիմնել է ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն Արարատի մարզի Դարակերտ համայնքում` ուղղված Հայաստանի ջերմոցային տնտեսության ոլորտի զարգացմանը: Կենտրոնի ստեղծմամբ ֆերմերներին հասանելի կդառնան ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը: Կենտրոնում կանցկացվեն սեմինարներ և դասընթացներ Հայաստանի և օտարերկրյա մասնագետների կողմից, ինչպես նաև այն կծառայի հաղորդակցման վայր Արարատի մարզի համայնքների ֆերմերների համար, որոնք զբաղվում են ջերմոցային տնտեսությամբ:
Կենտրոնում կանցկացվեն նաև գործնական դասընթացներ Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի ուսանողների համար: Կենտրոնին կից կլինեն երեք` 125 մ/ք, 250մ/ք և 400 մ/ք մակերեսով ժամանակակից ջերմոցներ, որտեղ կցուցադրվեն ջերմոցային տնտեսությունների կառավարման առաջադեմ մեթոդները և մշակության համար նոր գործիքներ, սարքավորումներ ու պարագաներ: Ցուցադրական ջերմոցներն օգտագործվելու են բարձրորակ բանջարեղենի սերմերի փորձարկման, նոր տեխնոլոգիաների կիրառման և ոլորտում նորամուծությունների որդեգրման համար: Կենտրոնում տեղակայված ժամանակակից լաբորատոր սարքի միջոցով Հայաստանում առաջին անգամ կիրականացվեն հողի, ջրի և բույսերի վերլուծություն: Եղանակի կանխատեսման նորագույն սարքի միջոցով ֆերմերները կարող են կանխատեսել եղանակային փոփոխությունները` ըստ այդմ ապահովելով արդյունավետ մշակություն: