Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ
24.09.2014
Սեպտեմբերի 23-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց մարզպետին կից մարզային երիտասարդական խորհրդի անդամներին:
Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մշակույթի, սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ:
Անմիջական ու ջերմ զրույց ծավալվեց երիտասարդների և մարզի ղեկավարի միջև: Խորհրդի անդամներն առանձնացրել էին տարբեր համայնքներին, հատկապես երիտասարդությանը վերաբերող հարցեր, որոնք առաջադրեցին մարզի ղեկավարին:
Մի քանի մշակույթի տների ( Շահումյան, Տափերական, Այգեզարդ ) հիմնանորոգման, համայնքներում երիտասարդների զբաղվածության, աշխատատեղերի ստեղծման հիմնախնդիրները զրույցի առանցքն էին կազմում:
Հաշվի առնելով ոռոգման ջրի սակավությունը՝ առաջարկվեց նոր ջրագիծ անցկացնել Վերին Արտաշատում: Ֆուտբոլի խաղադաշտի, տրանսպորտային միջոցների չվերթների կանոնավորման հարցի լուծումը ևս արծարծվեց մարզի ղեկավարի մոտ:
Այգեզարդում մոտոսպորտի ավանդույթների վերականգնման համար խորհրդի անդամները խնդրեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի օգնությունը:
Երևան – Արարատ մեկնող ավտոբուսը շարժվում է ժամը 19:50-ին, այն դեպքում, երբ ուսանողների դասերն ավարտվում են 19:30-ին , ինչի պատճառով նրանք չեն կարողանում ժամանակին տուն հասնել: Մարզպետը տեղում համապատասխան ստորաբաժանման միջոցով հարցին համապատասխան լուծում տվեց. այսուհետև ավտոբուսները կշարժվեն 20:00-ին:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց սպորտի, մշակույթի դերը երիտասարդության դաստիարակության գործում, ասաց, որ վերոհիշյալ մշակույթի օջախների հիմնանորոգման համար կատարվել են նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ, համապատասխան ֆինանսների առկայության դեպքում կսկսվեն շինարարական աշխատանքները:
Մարզի ղեկավարը մոտոսպորտի սիրահարներին ողջունեց ավանդույթը պահպանելու և զարգացնելու համար, ապա ասաց, որ պարտավորվում է ամեն ինչով օգնել երտասարդներին:
Արծարծված մյուս հիմնախնդիրների լուծման վերաբերյալ ևս մարզպետը տվեց սպառիչ և համոզիչ պատասխան:
Մարզի ղեկավարը հորդորեց երիտասարդներին մասնակցել համայնքների հիմնախնդիրների լուծման գործընթացին, ցուցաբերել նախաձեռնություն` համոզված լինելով, որ երիտասարդությանը հուզող խնդիրները մարզպետարանի լիազորությունների շրջանակներում կստանան համապատասխան լուծումներ: