Նորություններ
Պաշտպանվենք և պաշտպանենք բնակչությանը Էբոլա հիվանդությունից
25.09.2014

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի նախաձեռնությամբ Արարատի մարզպետարանում անցկացվեց դասախոսություն Էբոլա հիվանդության վերաբերյալ: Դասախոսությունը, որին մասնակցում էին Արարատի բոլոր տարածաշրջանների առողջապահական կենտրոնների ղեկավարները, շտապօգնության ծառայության աշխատողները, վարում էին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբաններ Լուսինե Պարոնյանը և Սյուզաննա Մելիքջանյանը: Համաճարակաբանները խոսեցին հիվանդության տարածման հնարավոր ուղիների մասին: Հիվանդությունը փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման հետևանքով (շփում արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ):
Վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից` նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Հիվանդության ախտանիշներն են. գլխացավ, արյունային փսխման զանգված, արյունային սուր փորլուծություն, սուր մկանային ցավեր, աչքերից, քթից, լնդերից և ականջներից արյունահոսություն: Մարմնի ջերմությունը բարձրանում է 39-40 աստիճան: Դասախոսները խորհուրդ տվեցին ախտանիշներից որևէ մեկի դեպքում դիմել լաբորատոր հետազոտման, հրաժարվել ինքնաբուժումից, մոռանալ աֆրիկյան երկրներ այցելության մասին, հատկապես` Գվինեա, Նիգերիա, Սիրիա, Լեոնե, Լիբերիա: Այնուհետև նրանք էկրանի լուսապաստառին ցույց տվեցին այդ հիվանդությամբ տառապողների: Նրանք պատասխանեցին բժիշկներին հուզող հարցերին: Միաժամանակ խորհուրդ տվեցին խստորեն պահպանել անհատական հիգիենան:
Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անվանումը: Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է և 90 տոկոս դեպքերում ավարտվում է մահով:
Լուսինե Պարոնյանը և Սյուզաննա Մելիքջանյանն ասացին, որ ԱՆ-ն արդեն պատրաստել է հուշաթերթիկներ, որը շուտով կբաժանվի բոլոր բժշկական կենտրոններին: