Նորություններ
Արգավանդի երաժշտական դպրոցի բացումը
27.09.2014
Արարատի մարզի Արգավանդ համայնքում սեպտեմբերի 26-ին բացվեց հիմնանորոգված երաժշտական դպրոցը: Երաժշտանոցի բացման հանդիսավոր արարողությունը համընկավ Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրվա հետ: Բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հովանավոր Արսեն Սայանը` տիկնոջ Կարինե Սայանի հետ, Արա Գևորգյանը, ներկայացուցիչներ ՀՕՖ-ից, հյուրեր ԱՄՆ-ից, երաժշտագետներ, մարզի երաժշտական դպրոցների տնօրեններ, տարբեր ԶԼՄ-ներ:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով համայնքին, համայնքապետին, անդրադարձ կատարեց ոչ հեռավոր անցյալ, երբ Արգավանդի երաժշտական դպրոցն Արբաթ համայնքի համանուն դպրոցի մասնաճյուղն էր: Երաժշտական դպրոց դառնալուց հետո էլ իր անբարենպաստ և անմխիթար պայմաններով չէր համապատասխանում իր կոչմանը: Հենց այդ տեսակետից էլ մարզպետը կարևորեց բարերար Արսեն Սայանի կատարած հայրենանվեր գործը: Նա շնորհակալություն հայտնեց բարեգործին՝ ասելով, որ սա Արգավանդի և շրջակա համայնքների համար ոգու կերտման դարբնոց է: Մարզի ղեկավարն ավելացրեց նաև, որ նման երաժշտական դպրոցներ պետք է ունենան մարզի բոլոր համայնքները: Ապա Ռուբիկ Աբրահամյանը և բարերարը կտրեցին ժապավենը:
Հյուրերը շրջեցին դասարաններով: Միջոցառումը շարունակվեց հանդիսությունների դահլիճում: Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը Տերունական աղոթքից հետո օրհնեց երաժշտական կառույցը: Դահլիճը ծափողջյուններով ընդունեց Արսեն Սայանի ելույթը: Նա ասաց, որ ինքը եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող և այն ժամանակ ուխտել է ծառայելԿոմիտասին, այսինքն` հայ ազգային մշակույթին: Եվ այս երաժշտական դպրոցը իր 60-ամյա գործունեության պտուղներից է: Տոնական օրվա կապակցությամբ և հայ ազգային արվեստի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարության արվեստների վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը մաեստրոյին հանձնեց Նարեկացու մեդալ և մշակութի նախարարության պատվոգիրը:
ՀՕՖ-ն երաժշտական դպրոցին նվիրեց կլարնետ: Շնորհակալություն հայտնեց բարեգործին նաև տնօրեն Սվետլանա Սիմոնյանը: Գյուղապետ Գագիկ Օրդուխանյանն Արսեն Սայանին նվիրեց Էջմիածնի արծաթաձույլ մանրակերտը:
Երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2014 թվականին` <<Կանակա >> բարեգործական կազմակերպության հիմնադիր, բարերար, պրոֆեսոր, երաժշտագետ, մանկավարժ, հասարակական գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Արսեն Սայանի միջոցներով: Երաժշտական դպրոցն ունի վեց դասարան սոլֆեջիոյի, լարային գործիքների, դաշնամուրի, ազգային նվագարանների և այլ երաժշտական խմբերի համար: Միաժամանակ բարեգործի միջոցներով կահավորվել և իրականացվել են ներքին հարդարման աշխատանքները: Դպրոցն ունի սանհանգույց դասատուների և սաների համար, ինչպես նաև` խոհանոց:
Ամբողջությամբ բարեկարգվել է նաև դպրոցի բակը: Կանաչապատման աշխատանքները կսկսվեն վաղ գարնանը: 2014թ-ին Արգավանդի ավագանու որոշմամբ Արսեն Սայանը ստացել է Արգավանդ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ դպրոցն անվանակոչվել է Արսեն Սայանի անունով:
Շնորհիվ բարեգործի` 1939 թվականին կառուցված և երբեք չնորոգված, քայքայված, անմխիթար տեսքով նախկին երաժշտական դպրոցի փոխարեն այսօր Արգավանդն ունի գեղեցիկ երաժշտական դպրոց:
Տնօրեն Սվետլաննա Սիմոնյանի երախտագիտության խոսքերից հետո միջոցառումը շարունակվեց Արսեն Սայանի անվան երաժշտական դպրոցի սաների ելույթով: