Նորություններ
Մեծարեցին տարեցներին
02.10.2014
Հոկտեմբերի 1-ի` Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Արարատի մարզի 97 համայնքներին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ուղարկել էր շրջաբերականներ` տարեցների , հատկապես 100 և ավելի տարիք ունեցող 13 կենսաթոշակառուների նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը կրկնապատկելու վերաբերյալ:
Տարեցների օրը Բուրաստան համայնքը նշեց մեծ շուքով: Տոնական դահլիճում ներկա էին գյուղի 111 տարեցներ` մանկավարժներ, բժիշկներ, ոստիկանության նախկին աշխատողներ, կթվորուհիներ, աշխատանքի, պատերազմի վետերաններ, հյուսներ, ատաղձագործներ, վարորդներ: Վետերաններին շնորհավորելու էին եկել նաև մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Խաչատրյանը: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, շնորհավորելով տարեցներին, նշեց, որ նրանք են կառուցել գյուղը: Նրանց աշխատանքով են վեր խոյացել մշակույթի այս հսկա օջախը, փոստն ու գյուղապետարանը և բազմաթիվ այլ շինարարական կառույցներ: Նրանք բնակարան են կառուցել, գերդաստան են ստեղծել, շենացրել են համայնքը և այդ բոլորն ավանդել ներկա սերնդին: Որքան էլ համայնքն ուշադիր լինի նրանց նկատմամբ, դարձյալ քիչ է նրանց արածի դիմաց:
Աշոտ Վարդանյանը մարզպետի և մարզպետարանի անունից շնորհավորեց վաստակավորներին` կամենալով արևշատություն, առողջություն: Լևոն Խաչատրյանն ասաց, որ ծերությունը հանցանք չէ, և նրանց նվիրեց գողտրիկ բանաստեղծություն:
Տերունական աղոթքից և տոնական հարուստ սեղանն օրհնելուց հետո Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանն Աստծուց արևշատություն խնդրեց տատիկների և պապիկների համար, որոք իրենց իմաստնությամբ ազգի հարստությունն են: Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց գյուղապետին հոգեշահ և Աստվածահաճո միջոցառման համար:
Պարզվում է, որ Բուրաստանի բուժամբուլատորիայի բուժաշխատողները բուժում են ոչ միայն դեղերով. նրանք տարեցներին շնորհավորեցին հոգեհարազատ երգերի կատարումներով: Անգլերեն լեզվի վետերան ուսուցչուհի Ռիտա Մելիքյանը երգի կատարումը նվիրեց իր հասակակիցներին , ինչպես նաև Աշոտ Թարվերդյանին՝ ասելով, որ այսքան տարի նման ուշադրութուն չի ցուցաբերվել իրենց նկատմամբ: Նա, շարունակելով, ասաց, որ գյուղապետը, հաճախակի կազմակերպելով յուրօրինակ միջոցառումներ, հարստացնում է իրենց առօրյան: Ալվարդ Հովհաննիսյանն անակնկալ մատուցեց օրվա կապակցությամբ. նա բազմաթիվ գրքեր նվիրեց գրադարանին: Տարեցներին շնորհավորեցին նրանց թոռնիկները, <<Բուրաստան>> պարի համույթը: Տոնական օրվա կապակցությամբ տարեցներն ստացան հատուկ իրենց համար պատվիրված, թեյի պնակներ` Արարատ լեռան, Ազատ գետի, բարձրուղեշ բարդիների պատկերներով: Ուշադրությունից դուրս չմնացին նաև անկողնում գամված 20 տարեցները: Գյուղապետարանի աշխատողներն այցելեցին և շնորհավորեցին նրանց: