Նորություններ
ԵԿՄ հերթական ժողովը
07.10.2014
Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզպետարանում կայացավ մարզի չորս տարածաշրջանների երկրապահների ընդհանուր ժողովը` մասնակցությամբ ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանի, տարածաշրջանների ԵԿՄ նախագահների, զոհված ազատամարտիկների այրիների, ԱԻՆ եւ փ/ծ մարզային վարչության անդամների` գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Մինչ միջոցառումը սկսելը` մասնակիցները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Օզանյանի հուշարձանին, ապա արարողությունը շարունակվեց դահլիճում: Ներս բերվեց եռագույնը, երկրապահի դրոշը, հնչեցին ՀՀ եւ երկրապահի օրհներգները: Միջոցառումն սկսվեց Վերին Արտաշատի Սուրբ Մարիամ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Դավիթ քահանա Կյուրեղյանի՝ երկրապահներին ուղղված միաբանության հորդորով, ապա` Տերունական աղոթքով:
Արա Կետիկյանի ելույթը հիմնականում վերաբերվում էր այն կառույցներին, որոնք փորձում են պառակտել ԵԿՄ-ն` ստեղծելով օտար, խորթ <<Արցախն երբեք չտեսածների>> կազմակերպություն: Ապա նա անդրադարձավ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի եւ ԵԿՄ վարչության նախագահ գենարալ Մանվել Գրիգորյանի, ինչպես նաեւ ԿԳ եւ ԵԿՄ վարչության համատեղ հուշագրերին, ըստ որի` վերոհիշյալ նախարարությունները պետք է գործեն համատեղ: Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են. 12 հոսքով պատանի երկրապահները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու գիտելիքներին, տեսականն ամրակայում են գործնականում: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը` զեկուցողն այս գործընթացը համարեց ռազմավարական նախաձեռնություն:
Գնդապետ Մուրադ Մարգարյանը խոսեց հուշագրերի գործնական քայլերի կարևորության մասին եւ ասաց, որ մարզային վարչությունը պատրաստ է ուսուցանելու պատանի, երիտասարդ երկրապահներին` հավաստելով, որ երկու կառույցների համատեղ գործունեությունը բխում է մեր հայրենիքի անվտանգության շահերից:
Այդ օրը նշանավորվեց նաեւ նրանով, որ 120 շարքային քաղաքացիներ և կռված տղաներ համալրեցին ԵԿՄ շարքերը: Զոհվածների այրիներ՝ Վերգուշ Ասատրյանը, Թագուհի Սաղաթելյանը, պարգևատրվեցին ԵԿՄ հուշամեդալներով: Հիսուն երկրապահներ ստացան գերատեսչության, իսկ մյուսները` <<ԵԿՄ-20>> մեդալներ: Գուրգեն Թադևոսյանն արժանացավ <<ՀՀ նախագահի>> , Խաչիկ Թադևոսյանը` <<ԼՂՀ նախագահի>>, Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը`<<Սպարապետ Վազգեն Սարգսյան>>, նրա տեղակալ Սամվել Գյուլամիրյանը` ԼՂՀ <<Մարտական ծառայություն>> մեդալների: