Նորություններ
Մեկնարկեց և ավարտվեց ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը
13.10.2014

Արարատի մարզում սեպտեմբերից մեկնարկել էր եւ հոկտեմբերի 10-ին ավարտվեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը: Ռազմամարզական խաղերի մարզային պատասխանատու, կրթության բաժնի առաջատար մասնագետ Շահինյան Սուրենի տվյալներով` հանրակրթական դպրոցների վեց հաղթող թիմեր կմասնակցեն Արտաշատի մարզադաշտում հոկտեմբերի 20-ին կայանալիք մարզային փուլին: Հենց այստեղ էլ կորոշվի, թե որ թիմերը կմասնակցեն նոյեմբերի 2-5-ը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական ինստիտուտում կայանալիք եզրափակիչ փուլին:
Խաղերի անցկացման ընթացքում հավաքական թիմերը ցույց են տվել բարձրարվեստ խաղ, և հաղթանակը ձեռք են բերել թեժ մրցապայքարում:
Վերոհիշյալ խաղերն անցկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը` ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ զինվորական կոմիսարիատների աջակցությամբ: Ռազմամարզական խաղերը, որոնք անցկացվում են չորս փուլով, նպատակ ունեն նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, հայրենիքին տալ նրա պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ: