Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշմանդամ երեխաների ազգագրական խմբի համերգը

20.10.2014

Հոկտեմբերի 17-ին, <<Արձագանք>> հկ-ի ջանքերով Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում ելույթ ունեցավ հաշմանդամ երեխաների ազգագրական մանկական խումբը, որին ազգագրական պարեր և երգեր ուսուցանել   է Քնարիկ Քամալյանը: Բարեգործական համերգին մասնակցում էին նաև Արսեն Գրիգորյանը (Մրոն), Լեռնիկ Թադևոսյանը, Անդրանիկ Հակոբյանը (Տարոնցի): Համերգը սկսելուց առաջ, Մարմարաշենի սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, որ նաև <<Արձագանքի>>  անդամն է ու մտերիմ ընկերը, Տերունական աղոթքով սկսեց միջոցառումն, ապա Աստծուց խնդրեց, որ սերն ավելացնի մարդկանց մեջ և ավելի հարստացնի նրանց հոգիները:
Լեփ - լեցուն դահլիճը հոտնկայս լսեց <<Տեր Ողորմյան>>  Քնարիկ Քամայլանի կատարմամբ, որպես մի յուրօրինակ ապաշխարություն:
Բեմում սայլակով, քայլակով երեխաներն են` ազգային տարազներով, հագ ու կապով: Խումբն ելույթն սկսեց Արթուր Մշեցու <<Արծիվ սլացիր>> ռազմահայրենասիրական երգով: Դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց Տիգրան Հովսեփյանի, Հրանտ Գրիգորյանի, Գոհարիկ Խաչատրյանի, Էդվարդ Նավասարդյանի, Ռեստակյան Ավագի և մյուսների կատարումները:

Հկ-ի անդամ Գոհար Առաքելյանը շարունակում է տեսանյութերով հարստացնել հկ-ի պատմությունը:
Արսեն Գրիգորյանը (Մրոն) ստեղծեց ավելի ջերմ մթնոլորտ: Նա, երեխաներին համբուրելուց ու ձեռքերը սեղմելուց բացի, պարեց ու երգեց նրանց հետ: Ոգևորված էր դահլիճը, ոգևորված էին նաև ծնողները: Արսեն Գրիգորյանն, ավարտելով ելույթն, ասաց, որ երեխաներն իրենց սրտաբուխ, հոգեպարար կատարումներով ներկաներին ճաշակել տվեցին ակունքից բխող ազգագրական երգեր` ի հեճուկս այն կեղծ աստղերի, որոնք փչացնում են հանդիսատեսի ճաշակը, շեղում ճշմարիտ արվեստի ճանապարհից: Այս գովասանքը ասված  էր նաև Քնարիկ Քամայլանի, Սուսաննա Նիկոլայանի, Հերմինե Գասպարյանի և մյուսների հասցեին: 
Երեխաները ծափողջյուններից բացի  ստացան ծաղիկների փնջեր: Հաշմանդամ երեխաների հարցերով զբաղվող <<Արձագանք >> հկ-ն, որի հիմադիր - ղեկավարն է Մասիս Նիկոլայանը, միավորում է Մասիսի տարածաշրջանի 150 երեխաների: Ութ տարվա գործունեության ընթացքում  հկ-ի նախագահ Սուսաննա Նիկոլայանը, տեղակալ Հերմինե Գսպարյանը  բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպել, բազմաթիվ նախաձեռնություններ իրականացրել, որ երեխաներին ներառեն հասարակության մեջ, որ ծնողներն իրենց հուսահատված ու միայնակ չզգան: Դա նրանց հաջողվել է. այդ մասին խոսում էին ոչ միայն ցուցադրվող տեսագրությունները, այլև երեխաների անկաշկանդ բեմական պահվածքը, ելույթները, խրոխտ կատարումները, դահլիճի վերաբերմունքը : Այդ օրը բարեգործական համերգին մասնակցում էին և համերգին իրենց ֆինանսական աջակցությունը ցույց տվեցին Ջրահովիտի դպրոցի տնօրեն Բաբայան Արտակը, գյուղապետ Ղազարյան Համլետը և մյուս համայնքապետները, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, մանկավարժ-հոգեբան Ցողիկ Գրիգորյանը:

<<Արձագանք>> հկ-ն շարունակում է իրագործել իր ծրագրերը` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, բացելով բազմաթիվ փակ դռներ, ջերմացնելով հազարավոր կարծր սրտեր:  

Չնայած հկ-ի երկարամյա գործունեությանն՝ այդ կազմակերպությունը չունի համապատասխան շենք, որտեղ համախմբվեն և իրենց ժամանցն անցկացնեն Մասիսի տարածաշրջանի 150 երեխաները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27