Նորություններ
Մեկնարկեց և ավարտվեց ռազմամարզական խաղերի մարզային փուլը
21.10.2014
Արտաշատի քաղաքային մարզադաշտում, հոկտեմբերի 20-ին մեկնարկեց հանրակրթական դպրոցների ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային մրցումներում առաջին և երկրորդ տեղեր գրաված վեց թիմերը: Վերոհիշյալ թիմերը մրցեցին վեց մրցաձևերից՝ նռնակի նետում, փոխանցումավազք` ուսապարկով և պատգարակով, ձգումներ, կրոսավազք` 2000մ, հրաձգություն օդամղիչ հրացանով, ինքաձիգի քանդում-հավաքում: Ըստ խաղերի մարզային պատասխանատու, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանի տվյալների, ռազմամարզական խաղերի մարզային փուլում Արարատի մարզի Արբաթի միջնակարգ, Արտաշատ քաղաքի ավագ դպրոցը և Նոյակերտի միջնակարգ դպրոցը գրավեցին հաջորդաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը, և պարգևատրվեցին հավաստագրերով: Արբաթի միջնակարգ դպրոցի թիմն իրավունք նվաճեց մասնակցելու նոյեմբերի 3-6-ն Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայանալիք խաղերի հանրապետական՝ եզրափակիչ փուլին:
Արտաշատի մարզադաշտում ներկա էին և խաղերի մարզային փուլին հետևեցին մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը, մարզադաշտի տնօրեն Հենրիկ Սիմոնյանը, թիմերի զինղեկները:
Խաղերը նպատակ ունեն նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում արմատավորել առողջ ապրելակերպ, հայրենիքին տալ նրա պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ:
Ռազմամարզական խաղերն անցկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որին աջակցում են ՀՀ ՊՆ-ը, ՀՀ ԿԳՆ-ը և ՀՀ զինվորական կոմիսարիատները: