Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռուբիկ Աբրահամյանի հերթական այցը

22.10.2014

Հոկտեմբերի 21-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Վեդի համայնք: Աշխատանքային այցի ընթացքում նրան ուղեկցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, ֆինանասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը:
Քաղաքապետարանում մարզպետը հանդիպեց աշխատակազմին, ծանոթացավ նրանց հետ:
Քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը հանդես եկավ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկուցումով:
Նա հիմնականում խոսեց համայնքի բյուջեի բարեհաջող կատարման մասին: Միայն հողի հարկերի հավաքագրումն է, որն առայժմ կատարվել է 74տոկոսով, բերքահավաքից հետո այն ևս կկատարվի 100 տոկոսով: Նա խոսեց նաեւ գեղարվեստի դպրոցի եւ մանկապարտեզների մասին` ընդգծելով, որ այս տարի երեք մանկապարտեզների ավագ խմբերի սենյակները նորոգվել են, գնել են կահույք, վերանորոգվել է քաղաքապետարանի վարչական շենքը, ասֆալտապատվել են երեք բազմաբնակարան շենքերի բակերը, ավագ դպրոց տանող, ինչպես նաեւ գերեզմանոցի ճանապարհը: Բարսեղյանը կատարված աշխատանքների հետ մեկտեղ ներկայացրեց նաեւ խնդիրներ, որոնք լուծման են սպասում:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը գովեց քաղաքապետին, աշխատակազմին եւ ասաց, որ ինքը եկել է այդ խնդիրներին համատեղ լուծում տալու համար:
Մարզի ղեկավարը մեկ անգամ ևս անդրադարձավ բնակիչ-աշխատակազմ- համայնքի ղեկավար հարաբերություններին` խիստ պատվիրելով, որ բնակիչների հարցերը լուծվեն համայնքապետարանում, որպեսզի վերջիններս ստիպված չլինեն բռնելու մարզպետարանի, նախարարությունների ճանապարհը: Ռուբիկ Աբրահամյանը խոսեց նաեւ առողջապահության, սոցիալական ապահովության բնագավառների աշխատանքների, բնակիչների լիարժեք սպասարկման մասին:
Նա որպես լավագույն օրինակ ընդգծեց Վարուժան Բարսեղյանի գործունեությունը, որ համայնքի եւ ՀՀԿ-ի աջակցությամբ անվճար իրականացրել է 150 քաղաքացիների վիրահատությունը: Մարզպետը խոսեց նաեւ համայնքներում տիրող հոգեբանական իրավիճակի մասին. վախի մթնոլորտը պետք է վերանա: Ղեկավարը նշանակվել է ժողովրդին ծառայելու համար, եւ վերջինս դա պարտավոր է անել մեծագույն ջանասիրությամբ:
Քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը խնդրեց մարզպետին օգնել 4 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման հարցում. քաղաքը շրջանցող երկու ճանապարհների ասֆալտապատումը կարեւոր նշանակություն ունի երթեւեկության եւ քաղաքի մաքրության գործում:
Մարզի ղեկավարը ասաց, որ հարցը կքննարկվի եւ կտրվի անհրաժեշտ լուծում: Ի ուրախություն բոլորի` մարզպետն ընդգծեց, որ Վեդի քաղաքի ջրամբարի կառուցումը ՀՀ նախագահի ամենօրյա հսկողության տակ է: Ջրամբարի կառուցումով Վեդի քաղաքի ողջ տարածաշրջանն այլևս առոգման  խնդիր չի ունենա: Բացի այդ, ջրամբարի կառուցումով կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր:
Հանդիպումը շարունակվեց քաղաքապետարանի առաջին հարկում, որտեղ ծնողների, քաղաքապետարանի աշխատողների ներկայությամբ`  թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Սվետլանա Մանջոյանը հանդես եկավ հաշվետու զեկուցումով: Նա ասաց,որ  մանկապարտեզում երեխաների համար  ստեղծված են բոլոր պայմանները, ընդգծեց, որ այս տարի 60 երեխա այցելել է դպրոց, եկող տարի նույնքան երեխա կբռնի դպրոցի ճանապարհը: Մանկապարտեզի տնօրենը խոսեց նաեւ մանկապարտեզի բյուջեի, սննդի, սննդի կալորիականության, դաստիարակման ասպարեզում տարբեր խմբերում ունեցած հաջողությունների, կոլեկտիվի մայրական վերաբերմունքի մասին: Սվետլանա Մանջոյանն ասաց, որ ծնողները մշտապես տեղյակ են, թե ինչպես են սնվում իրենց երեխաները. ճաշացանկն ամրացվում է նրանց համար տեսանելի տեղում: Միաժամանակ նա խնդրեց, որ մանկապարտեզը գործի ողջ տարվա ընթացում, սակայն քաղաքապետը պատասխանեց, որ ձմռաննշը երեխաների հոսքը նվազում է, հետեւաբար հարցը կլուծվի հերթապահ մանկապարտեզի գործունեությամբ:
 Մանկապարտեզի տնօրենը խոսեց քաղաքապետի մշտական ուշադրության մասին,ապա խնդրեց մարզպետին` լուծել մանկապարտեզի տանիքը նորացնելու հարցը: Մարզպետն ասաց, որ  հարցը կքննարկեն, եւ անպայման մանկապարտեզի տանիքը կնորացվի: Մտերմիկ զրույց ծավալվեց ծնողների եւ մարզի ղեկավարի միջեւ: Ծնողները շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին` իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության, այցելության եւ իրենց հոգսերով հետաքրքրվելու համար: Մարզի ղեկավարն ասաց, որ կարեւոր եւ հայրենանվեր գործ է սերունդ կրթելը,  եւ մանկապարտեզ- ծնող- դպրոց հարաբերությունները միշտ պետք է ջերմ լինեն, որովհետեւ մանկապարտեզը կրթության, գիտության հիմքն է, այստեղ է դաստիարակվում ապագա քաղաքացին: Մեկ անգամ ևս դիմելով ծնողներին՝ մարզպետն առաջարկեց հուզող հարցերի մասին հաղորդել թեժ գծով:
Վերջում մարզպետն այցելեց Վեդիի գեղարվեստի դպրոց, շրջեց սենյակներով, հիացավ երեխաների ձեռքի աշխատանքով: Ի նշան այցելության` Վարուժան Բարսեղյանը մարզպետին նվիրեց աշակերտների ձեռքի աշխատանքը`     Պարույր Սեւակի դիմանկարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-30 16:12:02