Նորություններ
Բացվել է Հարկադիր կատարման ծառայության նոր շենքը
28.10.2014
Այսօր, Հոկտեմբերի 28-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀ հարկադիր կատարման ծառայության Մասիսի տարածաշրջանային բաժանմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ծառայության ղեկավարությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Ազգային անվտանգության ծառայության աշխատողներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:
Հանդիսավոր արարողությունն ազդարարվեց հարկադիր կատարողի քայլերգով, որից հետո բաժանմունքի շենքի մուտքը երիզող խորհրդանշական ժապավենը կտրեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Միհրան Պողոսյանը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշեց, որ ծառայության մարզային կառույցների գործնեության բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են ղեկավարության ուշադրության կենտրոնում` միաժամանակ կարևորելով Ծառայության տարածքային համաչափ զարգացման հարցը: Նա նշեց, որ ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և համոզմունք հայտնեց, որ հարկադիր կատարողներն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները:
ՀՀ գլխավոր Հարկադիր կատարողը հյուրերի հետ մեկտեղ շրջեցին շենքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին:
Հարկադիր կատարման ծառայությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների հետևողական բարելավումը:
Մասիսի բաժանմունքի` ժամանակակից համակարգչային տեխնիկայով վերազինված նոր վարչական շենքը հիմանորոգվել և կահավորվել է Հարկադիր կատարման ծառայության միջոցներով. այն սպասարկելու է 30 գյուղական համայնքների բնակիչներին: