Նորություններ
Համերգ` դպրոցի սաների ուժերով
30.10.2014
Հոկտեմբերի 30-ին կամերային երաժշտության տանը Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոցի սաները հանդես եկան համերգով: Համերգին, որ կազմակերպվել էր <<Քնար>> երաժշտասերների հասարակական միության նախագահ Յուրի Ղազարյանի ջանքերով ու հրավերով, ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, երաժշտագետներ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանը, ասմունքող Ժասմենա Գևորգյանը, և այլ արվեստագետներ:
Երաժշտական դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը ստեղծել էր համերգային մի գունեղ ծաղկեփունջ` նման արարատյան դաշտերի բազմերանգ աշնանը: Միջոցառման ցանկում ընդգրկված մյուզիքլը, ազգային երգը, որ այնպես խոսուն էր և միահյուսվում էր քանոնահարների մեղմ երաժշտության հետ, դահլիճում ստեղծում էր գեղեցիկ ներդաշնակություն:
Ռոսսինի <<Սևիլյան սափրիչը>> մյուզիքլի կատարումն ընդմիջվում էր դահլիճի բուռն ծափահարություններով: Նույնքան գեղեցիկ ու վարպետ կատարումներով հանդես եկավ նաև քանոնահարների համույթը` անթերի կատարելով ազգագրական ու դասական ստեղծագործություններ: <<Թամարա>> ազգային նվագարանների համույթը` դուդուկով, դամով, դհոլով ունկնդրին մատուցեց ազգայինի` մաքուր ու զուլալ ակնաղբյուրից բխած երաժշտություն` հարուցելով ներկաների հիացմունքը:
Անհատ կատարողները ևս հանդիսատեսի հետ խոսեցին արվեստագետի լեզվով:
Բազմաթիվ միջազգային և հայաստանյան փառատոններում հաղթած Հասմիկ Շահբազյանը, ով այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, այս անգամ ևս իր կատարումներով վաստակեց հանդիսատեսի բուռն ծափողջյուններն ու բացականչությունները:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից Ղազարոս Սարյանի անվան դպրոցի սաներին, տնօրենին և կոլեկտիվին շնորհակալությունը և շնորհավորանքը հաղորդեց Շադյան Իլյիչը: Միջոցառման վերջում երաժշտական դպրոցի սաներին, կոլեկտիվին, տնօրեն Գայանե Գրիգորյանին շնորհավորեցին Ժասմենա Գասպարյանը, Յուրի Ղազարյանն, Անժելա Աթաբեկյանը: Վերջինս ասաց, որ Արարատի երաժշտական դպրոցը վաղուց է ապացուցել, որ վարպետ կատարումներով երբեք չի զիջում մայրաքաղաքի նույնանուն դպրոցներին: Նա ընդգծեց նաև, որ նմանատիպ միջոցառումներ Երևանում հաճախակի կկազմակերպվեն մարզի սաների համար, ինչը կնպաստի արվեստի էլ ավելի զարգացմանը և մշակույթի ապակենտրոնացմանը: