Նորություններ
ԵԿՄ ընդհանուր ժողով
04.11.2014
Մասիսի տարածաշրջանի ԵԿՄ ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԻՆ և փ/ծ աշխատողները` գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ, սկսվեց <<Մասյաց քաջերն ընկան, որ հավերժի կյանքը մեր տան>> հուշահամալիրի մոտ:
Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, տեր Աշոտ քահանա Սաֆարյանը կատարեցին հոգեհանգստի կարգ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ` ներկաները ծաղիկներով իրենց խոնահումն արտահայտեցին նահատակների հիշատակին:
Միջոցառումը շարունակվեց Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում` ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ներս բերեցին ՀՀ և ԵԿՄ դրոշները:
ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին, խոսեց վարչության, ՀՀ ԿԳ նախարարի, ինչպես նաև ԱԻ և փ/ծ նախարարների հետ ստորագրված հուշագրի մասին: Ընդգծեց, որ ԱԺ-ն ընդունել է երկրապահի մասին օրենքը: Նա ավելացրեց, որ այսուհետև դպրոցը, երկրապահ կամավորներն, ինչպես նաև ԱԻՆ կառույցը պետք է գործեն համատեղ: Դպրոցի տնօրենները կընդգրկվեն ԵԿՄ խորհրդի կազմում:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երախտագիտության զգացումով ասաց, որ նրանք ընկաը, որ ապրի մեր հայրենիքն, որ գոյատևի մեր անկախությունը, նրանց կյանքի ու պայքարի գնով ծնվեց մեր բանակը: Ուստի նրանց հետևորդները, որոնք դաստիարակվում են դպրոցներում, ավելի պետք է նախանձախնդիր լինեն, և դպրոցում ավելի բարձր մակարդակով ուսուցանվեն ռազմահայրենասիրական դասերը:
Մասիս քաղաքի զինկոմ Գնել Մանուկյանի ելույթն ավելի շատ հորդոր էր՝ ուղղված իր մարտական ընկերներին: Նա ասաց, որ երկրապահի շարքերը կուռ ու միասնական պետք է պահել և թույլ չտալ, որ պառակտվի մարտերում թրծված մեր միությունը: Միջոցառումն ավարտվեց պարգևատրումներով: 19 երկրապահներ (վեցը` հետմահու) պարգևատրվեցին <<Գարեգին Նժդեհ >>, << Ծովակալ Իսակով>> , << Վազգեն Սարգսյան>>, <<Անդրանիկ Օզանյան >> գերատեսչական մեդալներով, 25-ն ստացան ԵԿՄ վարչության հուշամեդալներ: