Նորություններ
Վերանորոգվում է Սեն-Մարտեն-Դ”էն փողոցը
05.11.2014
Նոյեմբերի 4-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի, սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանի, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզի Փոքր Վեդի համայնք: Սեն-Մարտեն-Դ’էն փողոցում, որ կրում է Ֆրանսիայի համանուն քաղաքի անունը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը դիմավորեց հյուրերին: Քաղաքապետ Դավիթ Քերոսի հետ ժամանել էին նաև նրա տեղակալ Անտուան Սեգուղան, Լեոնի լիցեյի դասախոսներ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աշխատողներ: Ֆրանսիացիների ֆինանսավորմամբ հիմնանորոգվող փողոցում, հյուրերին Փոքր Վեդու արվեստի դպրոցի սաները դիմավորեցին ազգագրական պարերով:
Ռուբիկ Աբրահամյանը, ողջունելով հյուրերին, ասաց, որ ինքը շատ ուրախ է, որ շարունակվում է 2011 թվականից սկսված քույր համայնքների բարեկամությունը: Մարզի ղեկավարը միաժամանակ շնորհակալություն հայտնեց կատարած ներդրումների համար: Նա ասաց, որ սա սրբավայր է` մատնացույց անելով Խոր Վիրապ եկեղեցին, որտեղից տարածվել է քրիստոնեության լույսը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին ցեղասպանության ճանաչման և հայերին ցուցաբերած աջակցության համար: Սեն-Մարտեն-Դ’էն քաղաքի քաղաքապետ Դավիթ Քերոսն արտահայտեց իր ուրախությունը Միսակ Մանուշյանի հայրենիքում գտնվելու , հայերի հետ բարեկամանալու, ինչպես նաև սուրբ լեռան` Արարատին կից համայնքում գտնվելու համար: Նա ավելացրեց, որ ամեն ինչ կանի Փոքր Վեդի համայնքում ներդրումները շարունակելու համար:
Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը ներկայացրեց հյուրերի կատարած աշխատանքները: Նրանց միջոցներով Մարգար Հովհաննիսյան փողոցն ունի գիշերային լուսավորվածություն, կառուցվել է ջրավազան երեխաների համար, հիմնանորոգվել է մշակույթի տունը, որտեղ գտնվում է նաև Գեղարվեստի դպրոցը: Բացի այդ, գյուղին նվիրել են 55 տեղանոց <<Ռենո>> մակնիշի ավտոբուս` ուսանողներին տեղափոխելու համար, բուժամբուլատորիային՝ սրտագրման ապարատ : Գյուղապետը մարզպետին, հյուրերին տվեց հուշանվերներ:
Հյուրերն այցելեցին մշակույթի տուն և մասնակցեցին Գեղարվեստի դպրոցի սաների ուժերով կազմակերպված համերգին, որից հետո մարզպետն այցելեց գրադարան, ծանոթացավ Գեղարվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքներին, եղավ մանկապարտեզում, բուժամբուլատորիայում` ծանոթանալով հիմնախնդիրներին: