Նորություններ
ՀՀ մշակույթի նախարարի այցն Արարատի մարզ
10.11.2014
Նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Նախարարի այցը սկսվեց Զանգակատուն համայնքից` Պարույր Սևակի տուն-թանգարանից: Վթարի վայրում, ապա Սևակի շիրմաքարի մոտ հյուրերը, իրենց խոնարհումն արտահայտելուց հետո, տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Սևակի տուն-թանգարան: Ծանոթացան սրահում տեղադրված ցուցանմուշներին, անձնական իրերին: Տիկին Պողոսյանը հետաքրքրվեց նոր կառուցվող զանգակատան շինարարական աշխատանքների ընթացքով: Տնօրեն Ավետիք Գրիգորյանն ասաց, որ դեկտեմբերի վերջին կավարտվեն շինարարական աշխատանքները: Տնօրենն անդրադարձավ նաև տուն-թանգարանի ջեռուցման խնդրին: Նա ներկայացրեց նախարարին, որ զանգակատունը, որտեղ կտեղափոխվի Սևակի ողջ գրական ֆոնդը, նույնպես ջեռուցման կարիք ունի, ինչպես նաև սրահը, որ կծառայի զբոսաշրջության, գրական- երաժշտական միջոցառումների, հանդիսությունների համար, ևս անհրաժեշտ է ջեռուցել:
Քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ ծրագիր ունի տուն-թանգարանների վերաբերյալ, Հասմիկ Պողոսյանն ասաց, որ այդ ծրագրով իրականացվում է տուն-թանգարանների բարենորոգում, ինչն իր մեջ ներառում է նաև ջեռուցման հիմնախնդրի լուծում: Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ շատ կարևոր է կառավարության կողմից մշակված մշակույթի ապակենտրոնացման ծրագրերի իրականացումը: Նա նշեց նաև , որ անհրաժեշտ է հասնել այն բանին, որ մայրաքաղաքի, տարբեր մարզերի դպրոցականներն իրենց բաց դասերը, միջոցառումներն անց կացնեն տուն-թանգարանում, որ դա կրի շարունակական բնույթ, ինչը համընկնում է տուն- թանգարանի տնօրենի ցանկությանը:
Այնուհետև նախարարը և Արարատի քաղաքապետ Հայկյան Հայկը այցելեցին Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց, մասնակցեցին տեղի սաների ուժերով կազմակերպված համերգին: Միջոցառման վերջում մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրվեցին մարզի մի շարք երաժշտական դպրոցների ուսուցիչներ, խմբավարներ և տնօրեններ: Մշակույթի նախարարը հետաքրքվեց արվեստի դպրոցի հիմնախնդիրներով: Դպրոցը հիմնանորոգվել է մասնակիորեն, ունի երաժշտական գործիքների համալրման կարիք: Նախարարը դպրոցին նվիրեց երաժշտական գրականություն:
Այցը շարունակվեց Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոցում: Գերատեսչության ղեկավարը շրջեց արվեստի դպրոցում, ծանոթացավ երեխաների աշխատանքներին, գովեստի խոսքեր ասաց կատարելության հասնող աշխատանքների մասին:
Գեղարվեստի դպրոցի տնօրեն Խաչիկ Սահակյանը նախարարին ընծայեց <<Կոմիտաս>> գոբելենային աշխատանքը: Գեղարվեստի դպրոցում ևս ուսուցիչները պարգևատրվեցին նախարարի պատվոգրերով:
Քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը բարձրացրեց ջեռուցման հիմնախնդիրը և ասաց, որ 18 մանկավարժները ստանում են ցածր աշխատավարձ: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հզոր հիմնախնդիրներն ի մի են բերվել կառավարությունում, և նրանք աստիճանաբար կստանան իրենց լուծումները: Նախարարը պատրաստակամություն հայտնեց դպրոցն ապահովել մոլբերտներով, ինչպես նաև երաժշտական գործիքներով: