Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարի այցն Արարատի մարզ

10.11.2014

Նոյեմբերի 7-ին  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչը, կրթության, մշակույթի և  սպորտի վարչության  պետ Հասմիկ Գասպարյանը,մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Նախարարի այցը սկսվեց Զանգակատուն համայնքից` Պարույր Սևակի տուն-թանգարանից:  Վթարի վայրում, ապա Սևակի շիրմաքարի մոտ հյուրերը,  իրենց խոնարհումն արտահայտելուց հետո,  տուն-թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեցին Սևակի տուն-թանգարան: Ծանոթացան սրահում տեղադրված ցուցանմուշներին, անձնական իրերին: Տիկին  Պողոսյանը հետաքրքրվեց նոր կառուցվող զանգակատան շինարարական աշխատանքների ընթացքով: Տնօրեն Ավետիք Գրիգորյանն ասաց, որ  դեկտեմբերի վերջին կավարտվեն շինարարական աշխատանքները: Տնօրենն անդրադարձավ նաև տուն-թանգարանի ջեռուցման  խնդրին: Նա ներկայացրեց նախարարին,  որ զանգակատունը, որտեղ կտեղափոխվի Սևակի ողջ գրական ֆոնդը, նույնպես ջեռուցման կարիք ունի, ինչպես նաև սրահը, որ կծառայի զբոսաշրջության,  գրական- երաժշտական միջոցառումների, հանդիսությունների համար, ևս անհրաժեշտ է  ջեռուցել:
Քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ ծրագիր ունի տուն-թանգարանների վերաբերյալ, Հասմիկ Պողոսյանն ասաց, որ այդ ծրագրով իրականացվում է   տուն-թանգարանների բարենորոգում, ինչն իր մեջ ներառում է նաև ջեռուցման հիմնախնդրի լուծում:  Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ շատ կարևոր է կառավարության կողմից մշակված մշակույթի ապակենտրոնացման ծրագրերի իրականացումը: Նա նշեց նաև , որ անհրաժեշտ է հասնել այն բանին, որ մայրաքաղաքի, տարբեր մարզերի դպրոցականներն իրենց բաց դասերը, միջոցառումներն անց կացնեն տուն-թանգարանում, որ դա կրի շարունակական բնույթ, ինչը համընկնում է տուն- թանգարանի տնօրենի ցանկությանը:
Այնուհետև նախարարը և Արարատի քաղաքապետ Հայկյան Հայկը այցելեցին Արարատ քաղաքի  Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց,  մասնակցեցին տեղի սաների ուժերով կազմակերպված համերգին: Միջոցառման վերջում մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրվեցին մարզի մի շարք երաժշտական դպրոցների ուսուցիչներ, խմբավարներ և տնօրեններ: Մշակույթի նախարարը հետաքրքվեց արվեստի դպրոցի հիմնախնդիրներով: Դպրոցը հիմնանորոգվել է մասնակիորեն, ունի երաժշտական գործիքների համալրման կարիք: Նախարարը դպրոցին նվիրեց երաժշտական գրականություն:
Այցը շարունակվեց Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոցում: Գերատեսչության ղեկավարը շրջեց արվեստի դպրոցում, ծանոթացավ երեխաների աշխատանքներին, գովեստի խոսքեր ասաց կատարելության հասնող  աշխատանքների մասին:
Գեղարվեստի դպրոցի տնօրեն Խաչիկ Սահակյանը նախարարին ընծայեց <<Կոմիտաս>> գոբելենային աշխատանքը: Գեղարվեստի դպրոցում ևս ուսուցիչները պարգևատրվեցին նախարարի պատվոգրերով:
Քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը բարձրացրեց ջեռուցման հիմնախնդիրը և ասաց, որ 18 մանկավարժները ստանում են ցածր աշխատավարձ: Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հզոր հիմնախնդիրներն ի մի  են բերվել կառավարությունում, և նրանք աստիճանաբար կստանան իրենց լուծումները: Նախարարը պատրաստակամություն հայտնեց դպրոցն ապահովել մոլբերտներով, ինչպես նաև երաժշտական գործիքներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03