Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոբելյանական երեկո

14.11.2014

Նոյեմբերի 13-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոբելյանական երեկո էր:
Թատրոնը նշում էր երեք երախտավորների` ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գևորգյանի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Գալստյանի, Անահիտ Բադալյանի հոբելյանները:
Երեկոյին ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, ՀՀ մշակույթի նախարարության և Թատերական գործիչների միության աշխատողները, տարբեր մարզերից ժամանած թատրոնների տնօրեններ, արվեստագետներ:
Խարազյանցիները հոբելյարների համար նախապատրաստել էին երգիծանքով, հումորով, կատակներով հարուստ երեկո: Հոբելյարներին լեփ-լեցուն դահլիճը դիմավորեց հոտնկայս, ծափողջույններով:
ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Սարգսյանը ներկայացրեց Գրետա Գալստյանին, որ կերտել է 175 գլխավոր հերոսների կերպարներ:
80 և ավելի դերեր է խաղացել Անահիտ Բադալյանը: Հանդիսատեսը երբեք չի մոռանա նրա կերտած Աղունի կերպարն <<Աշնան արևը>> պիեսում, Ռոզալիան` <<Պատվի համար>>-ում և մյուս դերերը: Վաստակաշատ դերասանուհին արժանացել է <<Մովսես Խորենացի>> մեդալին:
Բագրատ Գևորգյանը, որը խաղացել է 150 պիեսներում, հանդես է եկել ոչ միայն Իրանի, այլև Մոսկվայի բեմերում:
Միջոցառմանը ներկա էր և դերասաններին ողջունեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը` ցանկանալով, որ երբեք չիջնեն թատրոնի վարագույրները, և միշտ բաց լինեն թատրոնի դռները:
Թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն իր սիրելիներին ցանկացավ արևշատություն և նորանոր դերեր, որ նրանք երազել են խաղալ:
Թատրոնի երախտավորներ Գրետա Գալստյանը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության, իսկ Բագրատ Գևորգյանը և Անահիտ Բադալյանը` Թատերական գործիչների միության ոսկե մեդալներով:
Բեմում հրավառություն էր.  օդից բեմ թափվեցին գույնզգույն փաթիլներն ու փուչիկները: Հոբելյանական երեկոն, որ կայացավ Ռուբիկ Աբրահամյանի և քաղաքապետ Գագիկ Մուրադյանի ֆինանսավորմամբ, մեկ անգամ ևս զգացնել տվեց, որ թատրոնը հարատևելու է և շարունակելու է կրթել նոր սերունդներ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03