Նորություններ
Արտաշատ–Քլամար բարեկամության կամրջով
17.11.2014
Նոյեմբերի 5-12-ը Ֆրանսիայի Քլամար և Արտաշատ քույր քաղաքների կոմիտեի հրավերով Քլամար մեկնեց Արտաշատ քաղաքի շախմատիստների թիմը` մարզիչ Միքայել Մարտիրոսյանի գլխավորությամբ: Արտաշատի պատվիրակությանը դիմավորելու էին եկել Քլամարի քաղաքապետարանը, Քլամարի փոխքաղաքապետ Ժակլին Մինասյանը, ով մեկ ամիս առաջ այցելել էր Արտաշատ, հայ համայնքը` Ստեփան Յազմալյանի գլխավորությամբ: Ընդունելությունը չափազանց ջերմ էր: Շախմատի թիմը` Հայկ Մարտիրոսյանը, Նարեկ Դզոյանն, Աննա Սարգսյանը, Մարիամ Խաչատրյանը, երկու օր մրցեցին Քլամարի շախմատի դպրոցի սաների հետ` արագ շախմատի կանոններով` շրջանային փուլով: Հինգ մրցաշարով ընկերական հանդիպումն ավարտվեց արտաշատցի շախմատիստների հաղթանակով: Քլամարցի մեր բարեկամները հաղթողներին նվիրեցին մեդալներ, պայուսակներ, Քլամարի շախմատի դպրոցի պատկերով խորհրդանշական մայկաներ:
Արտաշատի շախմատիստները յոթ օր շարունակ հյուրընկալվեցին հայերի տանը: Նրանց համար կազմակերպվել են հետաքրքիր էքսկուրսիաներ` Ստեփան Յազմալյանի ղեկավարությամբ: Ֆրանսիա մեկնելու և այնտեղ մնալու բոլոր ծախսերը հոգացել է Քլամարի քաղաքապետարանը: Արտաշատցի երեխաներն այնքան էին մտերմացել Քլամարի երեխաների հետ, որ բաժանումը շատ դժվար եղավ: Նրանք վերադարձան հետագայում հանդիպելու ակնկալիքով: