Նորություններ
Կգործի Ազգային ծրագիրը
20.11.2014
Նոյեմբերի 19-ին Արարատի մարզպետարանում տնօրենների, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողների, շահագրգիռ կազմակերպությունների, ինչպես նաև ճյուղային ինստիտուտի ներկայացուցիչների` Սերգեյ Մասլովի, Մելքոն Գասպարյանի մասնակցությամբ կայացավ սեմինար: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը ներկաներին հանգամանալից բացատրեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից Ազգային ծրագրին անցնելու կառավարության որոշումը և այդ ուղղությամբ դպրոցներում իրականացվելիք աշխատանքները: Սերգեյ Մասլովն ասաց, որ արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում գործում է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագիրը:
2015թ. հունվարից Հայաստանի 3 մարզերում, այդ թվում Արարատի մարզում, կգործի Ազգային ծրագիր, որի համար ՀՀ կառավարությունն Արարատի մարզին հատկացրել է 3 մլն. դոլարին համարժեք դրամ:
Զեկուցողը, շարունակելով, ասաց, որ Ազգային ծրագրով երեխաները ոչ միայն լիարժեք տաք սնունդ կընդունեն, ինչը շատ կարևոր է աղեստամոքսային համակարգի համար, այլև կտիրապետեն ճիշտ սնվելու մշակույթին: Ազգային ծրագիրը ընդգրկելու է 13000 տարրական դասարանների աշակերտների և նախնական կրթության երեխաների: Նոր ծրագրի ներդրման համար դպրոցական ճաշարանները և ենթակառուցվածքները կվերանորոգվեն և տեխնոլոգիապես կվերազինվեն, որի համար անհրաժեշտ է սերտացնել ծնող-դպրոց-համայնք-մարզպետարան կապը:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն արդեն ստեղծել է աշխատանքային խումբ, կազմվել է աշխատանքային գրաֆիկ: Նախապատրաստական աշխատանքներից հետո 2015թ-ի հունվարի 1-ին դպրոցներում կմեկնարկի Ազգային ծրագիրը: