Նորություններ
Բաց դռների օր
24.11.2014
Առաջնորդվելով << հիվանդը չի գալիս բժշկի մոտ, բժիշկն է գնում հիվանդի մոտ>> կարգախոսով` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին <<Նորք-Մարաշ>> սրտաբանական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Լիդա Մուրադյանը, սրտաբանական բաժանմունքի պետ Կարինե Սարգսյանն Արտաշատի պոլիկլինիկայում անցկացրեցին Բաց դռների օր:
Մինչ հիվանդներին սպասարկելը, նրաց ընդունեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ջերմ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում մարզի ղեկավարը, կարևորելով նրանց առաքելությունն, ասաց, որ նրանք նմանօրինակ միջոցառումներով նպաստում են հիվանդության հայտնաբերմանն ու կանխարգելմանը` բնակիչներին ապահովագրելով հետագա բարդություններից:
Գաղտնիք չէ, որ բնակիչները Երևան գնալու հնարավորություն չունեն: Բժիշկների այցելությունը նրանց ազատում է նաև ճանապարհատրանսպորտային դժվարություններից:
Լիդա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և, ուրախություն բոլորի, ասաց, որ ՀՀ նախագահը 500 մլն դրամ է տրամադրել կենտրոնին` ծանր դեպքերի համար: Սրտի վիրահատությունը, որն ամենաթանկն է, այսուհետև կկատարվի նաև պետության հաշվին: Շարունակելով` տնօրենը նշեց , որ բնակիչների լիարժեք հետազոտման համար Արտաշատ են բերել համապատասխան 3 սարքավորումներ` մեծերի և փոքրերի համար: Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ մարզպետարանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին` նրանց օգնելով անվճար վիրահատությամբ, ինչպես նաև քաղաքացիներին հատկացվում է գումար դեղեր գնելու համար: Մարզպետի հետ ունեցած զրույցից տպավորված`Լիդա Մուրադյանն ասաց, որ եզակի մարդկային բնույթի տեր է Ռուբիկ Աբրահամյանը:
Օրվա ընթացքում Արտաշատի պոլիկլինիկայում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, հետևեց հիվանդների սպասարկման ընթացքին: