Նորություններ
Հանրային լսումներ` Վանաշենում
24.11.2014
Նոյեմբերի 21-ին Վանաշեն համայնքում Արտաշես Գրիգորյանը մեկ տարվա աշխատանքների մասին հաշվետվություն տվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայությամբ: Մանկապարտեզի դահլիճում կայացած հաշվետվությանը ներկա էին համայնքի անդամները, շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարները: Մինչ հաշվետվության սկսելը, մարզպետը շրջայց կատարեց հիմնանորոգված մանկապարտեզի սենյակներում, ծանոթացավ պայմաններին:
Հանդիսությունների դահլիճում համայնքապետը մեկ տարվա կատարված աշխատանքների շարքում կարևորեց նոր խորքային հորի կառուցումն, ինչը սակավաջուր տարում համայնքի համար ունի ռազմավարական նշանակություն:
Համայնքում տեղադրված է ԱԻՆ SOS համակարգը, որը կարևորագույն նշանակություն ունի արտակարգ իրավիճակների դեպքում:
Խճապատվել են ճանապարհները, ապահովված է գիշերային լուսավորվածությունը: Համայնքում մշտապես նշում են պետական, ազգային, ժողովրդական ու հոգևոր տոները: Սակայն գյուղն ունի լուծելու խնդիրներ:
Քայքայված է խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցը, կեղտաջրերը կուտակվում են՝ անհրաժեշտ խողովակների բացակայության պատճառով, դպրոց-մանկապարտեզ 400մ երկարությամբ ճանապարհը ասֆալտապատման կարիք ունի, մշակույթի տունը, ինչպես նաև դպրոցի մի հատվածը հիմնանորոգված չեն:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը խրախուսեց գյուղապետին կատարված լայնածաված աշխատանքների համար և ասաց, որ առաջնահերթության սկզբունքից ելնելով` կլուծվեն համայնքի հիմնախնդիրները:
Կառավարության միջոցներով և տարբեր ծրագրերով աստիճանաբար գյուղը կձերբազատվի հիմնախնդիրներից: Մարզի ղեկավարը նորից ընդգծեց, որ Վեդիի ջրամբարի կառուցումով, որն իրականացվում է ՀՀ նախագահի անմիջական հսկողությամբ, կլուծվի նաև ոռոգման ջրի հիմնախնդիրը: Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ միշտ կանգնած է բնակիչների կողքին:
Վերջում նա պատասխանեց համայնքի անդամներին հուզող հարցերին: