Նորություններ
Ծրագրի հանրային քննարկում
26.11.2014
Նոյեմբերի 25-ին Արարատի մարզպետարանում` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ, կայացավ 2015թ. ոռոգման ցանցում ներդրումային ծրագրի քննարկում: Քննարկմանը ներկա էին Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը, 12 համայնքների ղեկավարներ, մարզի 6 ՋՕԸ-երի տնօրեններ, բնապահպաններ, սոցիոլոգներ` ԾԻԳ-ի գրասենյակից:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ողջունելով սկսված գործընթացն, ասաց, որ 2015 թ-ի ոռոգման տարեշրջանին հարկ է նախապատրաստվել այսօրվանից: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ոռոգման համակարգում Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի գրասենյակը մարզի 12 համայնքներում, որոնք ոռոգման ջրի մշտական խնդիր ունեն, կիրականացնի ներդրումային ծրագիր: Շարունակելով մարզպետի խոսքը` Ֆելիքս Մելիքյանը հանգամանալից ներկայացրեց ծրագիրը:
Գառնու կիրճից ինքնահոս եղանակով ոռոգման ջուր կստանան նշված 12 շահառու համայնքները: Ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկը ներդրել է պատկառելի գումար: Այս ներդրումային ծրագրով, ինչպես նաև առաջիկայում Վեդիի ջրամբարի կառուցումով, մարզում հիմնովին կլուծվի ոռոգման ջրի հիմնախնդիրը: Բնապահպան Վռամ Թևոսյանը ելույթում ընդգծեց, որ շինարարական աշխատանքների ընթացքում խստագույնս կպահպանվեն բնապահպանական չափանիշներն, ինչպես նաև կլուծվի բնակիչների հողատարածքների հետ կապված փոխհատուցման խնդիրը:
2015թ. նախատեսվում է 80կմ ներքին ցանցի նորացում, արդիականացում, միաժամանակ մայր ջրատարների վերանորոգում, նախատեսվում է նաև փոքր ջրամբարների կառուցում` նվազեցնելով խորքային ջրերի օգտագործումը:
Ամփոփելով ծրագրի քննարկումը` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հորդորեց շահառու 12 համայնքների և ՋՕԸ-ի ղեկավարներին , նախագծողներին` հետևողական լինել լայնածավալ, ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրի իրականացման գործում:
Մարզի ղեկավարն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, վերանայել քարտեզները, համայնքի ղեկավարների, ՋՕԸ-երի պետերի և ԾԻԳ-ի հետ մարզպետարանում կազմակերպել քննարկում, ինչի շնորհիվ կշտկվեն թերություններն, եթե այդպիսիք կան: Նա շնորհակալություն հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեին իրականացվելիք գործունեության համար: