Նորություններ
Փորձագիտական խումբը՝ մարզպետի մոտ
04.12.2014
Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական Միության՝ Ժակլին Դելարյուի գլխավորած փորձագիտական խմբին:
Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը:
Փոխադարձ ծանոթությունից հետո Ժակլին Դելարյուն, որի ղեկավարած փորձագիտական խումբը հետազոտություններ է իրականացնում Արարատի մարզի սոցիալական ծառայությունների ոլորտում, հետաքրքրվեց վերոհիշյալ ծառայությունների գործունեությամբ, ինտեգրված սոցիալական ծառայությունների կատարած աշխատանքներով, գործազրկությամբ, աշխատատեղերով և այլ հիմնախնդիրներով:
Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ գարնանային ցրտահարությունը զգալիորեն վնաս պատճառեց մարզի գյուղատնտեսությանը: Կառավարությունը մարզպետարանների միջոցով կյանքի կոչեց այլընտրանքային ծրագիրն, ինչի շնորհիվ գյուղացիները կարողացան հաղթահարել ցրտահարության հետևանքները՝ ստանալով բանջարեղենի առատ բերք:
Առողջապահության, կրթության ասպարեզում իրականացվել են և շարունակվում են իրականացվել լայնածավալ աշխատանքներ:
Բաց դռների օր, անվճար վիրահատություններ, մանկապարտեզների հիմնանորոգում, ճանապարհների ասֆալտապատում, մշտական հանդիպումներ համայնքի բնակչության հետ՝ նրանց խնդիրները լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն զգալիորեն լուծել են բնակչության սոցիալական խնդիրները:
Ժակլին Դելարյուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ասաց, որ փորձագիտական խումբը կշարունակի հանդիպումները մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ: Նա ընդգծեց, որ սոցիալական ոլորտում իրականացվող հետազոտությունների հիման վրա կատարված վերլուծությունները կարող են հիմք հանդիսանալ ԵՄ-ի կողմից նոր ծրագրերի իրականացման համար:
Փորձագիտական խումբն ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում անցկացրեց կլոր սեղան՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: