Նորություններ
Հաշվետվություն Արալեզում
08.12.2014
Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, մարզի Արալեզ համայնքում մասնակցեց համայնքապետի հաշվետվությանը: Հյուրերին Արալեզի դպրոցի սաները դիմավորեցին յուրօրինակ արարողությամբ: Հաշվետվությունն սկսելուց առաջ մարզպետը շրջեց երկխմբանոց նախակրթարանում, ծանոթացավ պայմաններին, որից հետո հանդիսությունների սրահում համայնքապետ Մարտին Թևոնյանը համայնքի անդամների, հյուրերի ներկայությամբ խոսեց մեկ տարվա կատարած աշխատանքների մասին:
Բյուջեն կատարել է 100 տոկոսով: Արալեզի բոլոր փողոցները լուսավորված են, ունի հիմնանորոգված և արդիականացված բուժամբուլատորիա` համապատասխան բժշկական սարքավորումներով: Համայնքում գործում են վոկալի, դաշնամուրի դասարաններ, ունի ֆուտբոլային թիմ, գործում է <<Զարթոնք>> պարային համույթը, <<Ոսկեծղի>> աշակերտական խորհուրդը:
Գյուղապետարանն աշխատանքներ է տանում դպրոցի ճաշարանը սարքավորումներով համալրելու համար: Մարտի 1-ից կգործի <<Տաք սնունդ>> ծրագիրը: Արալեզցիների ուժերով կառուցվում է եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված հուշահամալիրը: Համայնքում մշտապես նշվում են ազգային, պետական և հոգևոր տոները: Մարտին Թևոնյանը նշեց նաև հիմնախնդիրները. դպրոց տանող 870 մետր ճանապարհն ասֆալտապատված չէ, մշակույթի տունը չի ջեռուցվում, համայնքը չունի մանկապարտեզ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ իր գլխավորությամբ` արծարծված հիմնախնդիրները կքննարկվեն մարզպետարանում և առաջնահերթության սկզբունքով կստանան անհրաժեշտ լուծում:
Միաժամանակ մարզպետը հորդորեց, որ պետք է էլ ավելի զարգացնել ուսման առաջընթացը: Առողջապահության, սոցիալական ոլորտի կառույցները պետք է բարձրացնեն բնակիչների սպասարկման որակը, որպեսզի ոչ մի բնակիչ դժգոհ չմնա:
Միաժամանակ մարզի ղեկավարը նշեց, որ որքան մարզային կառույցը` համապատասխան ենթակառուցվածքների հետ, մեղմի բնակիչների սոցիալական վիճակն, այնքան բարձր կլինի աշխատանքի գնահատականը: Մարզպետն ասաց, որ կառավարությունն, ինչպես նաև ինքն անձամբ, կանգնած են ժողովրդի կողքին և պատրաստ են հոգալու նրանց հոգսերը: Հաշվի առնելով ցրտահարության հասցրած վնասները` 2014թ. հայրենի կառավարությունը հողագործներին օգնեց դիզվառելիքով, պարարտանյութով, սերմացուով, 50 տոկոսով զեղչեց ջրի վարձավճարները, ինչն օգնեց, որ գյուղացին ճիշտ կողմնորոշվի: Օգնության շնորհիվ` հողագործները ստացան բանջարեղենի առատ բերք: 2015թ. գարնանային աշխատանքները ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար կառավարությունը հողագործին օգնելու գործընթացը սկսել է այս տարվա աշնանից: