Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տափերական: Հանրային լսումներ

10.12.2014

 Այս անգամ հաշվետվության հերթը Տափերական համայնքինն էր: Դեկտեմբերի 9-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, Տափերականի բնակիչներին իր մեկ տարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց գյուղապետ Միհրան Մանասերյանը: Նախ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատողների հետ շրջայց կատարեց մշակույթի տան այն սրահում, որտեղ վերջերս կազմակերպվել էր կինոդիտում, սակայն որոշ խոչընդոտների պատճառով դադարեցվել էր: Մարզպետը, կարևորելով համայնքի մշակութային կյանքն, ասաց, որ այդ գեղեցիկ ավանդույթը հարկավոր է վերականգնել, որից կշահեն Տափերականի և նրա շրջակա համայնքների բնակիչները: Դահլիճում, որտեղ կայացավ գյուղապետի հաշվետվությունը, մարզպետարանի աշխատողներից, գյուղի բնակիչներից բացի, ներկա էին նաև տարբեր ենթակառուցվածքների ղեկավարները:

Գյուղի ղեկավարի հաշվետվությունը չափազանց պարզ էր և հիմնավորված: Բյուջեն կատարել է 100 տոկոսով, խճապատվել են համայնքի փողոցները, որոնք ունեն գիշերային լույսեր, հակակարկտային կայանների համար կատարվել են համապատասխան ներդրումներ, կոյուղաջրերի հեռացման համար տարբեր փողոցներում կառուցվել է ներքին ցանց, այն միացվել է կենտրոնական խողովակին: Խորհրդային տարիներին անգամ համայնքը չի ունեցել վերոհիշյալ ցանցը: Վեց կմ երկարությամբ խմելու ջրի քայքայված ներքին ցանցն ամբողջովին նորացվել է, ինչի շնորհիվ 20 տարի խմելու ջուր չունեցող փողոցներն արդեն ունեն խմելու ջուր: Վերանորոգվել է գերեզմանատուն տանող ճանապարհը, մշտապես մաքրվում է սելավատարը, որպեսզի անձրաջրերը չլցվեն գյուղ: Կառավարության տված ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերից ամենաշատը բաժին է ընկել Տափերական համայնքին: Ոռոգման ջրի` 50 տոկոս զեղչը, անվճար սերմացուներն օգնեցին հողագործին` ստանալու բանջարեղենի աննախադեպ առատ բերք:

Գյուղապետ Միհրան Մանասերյանն ընդգծեց, որ ցրտահարության հետևանքների դեմ հողագործները մեն-մենակ չմնացին.  նրանց կողքին է հայրենի կառավարությունը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն, ում հետևողական աշխատանքի շնորհիվ սակավաջուր տարում Տափերականը (ոչ միայն) ոռոգման ջրի խնդիր չունեցավ:

 

Գյուղապետը նշեց նաև համայնքի հիմնախնդիրները. Արցախի նոր թաղամասը գազ չունի, Շահումյան փողոցն ասֆալտապատված չէ: Մշակույթի տունն արդեն 30 տարի է, ինչ չի վերանորոգվել: Մանկապարտեզի շենքը պետք է ընդարձակել, որովհետև  չորս խմբանոց երեխաների համար այն փոքր է, եթե հաշվի առնենք, որ հարակից գյուղի երեխաները նույնպես այցելում են Տափերականի մանկապարտեզ: Գյուղ մտնող 4կմ մայր ջրատարն արդեն 50 տարեկան է` ամբողջովին քայքայված, ուստի գյուղապետը Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին խնդրեց, որ օգնի այս հիմնախնդիրները լուծելու հարցում: Մարզպետը, գնահատելով համայնքի ղեկավարի աշխատանքն, ասաց, որ կառավարության ցուցաբերած օգնությունը, միաժամանակ իր անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված բաց դռների օրերը` ակնաբուժական, սրտաբանական անվճար հետազոտության ու բուժման համար, խոսում են այն մասին, որ ամեն ինչ արվում է բնակչությանն օգնելու համար:  Նա ասաց, որ մարզպետի անմիջական նախաձեռնությամբ <<Նորք-Մարաշ>>  սրտաբանական բժշկական կենտրոնի սրտաբանները նորից կայցելեն մարզ, և Արարատի տարածաշրջանում կկազմակերպվի բնակիչների համար անվճար բուժսպասարկում:

 

Մշակույթի տան, մանկապարտեզի հիմնանորոգումը և մյուս հիմնախնդիրների լուծումը, որոնք պահանջում են պատկառելի ֆինանսական ներդրումներ,  2015թ. կընդգրկվեն համապատասխան ծրագրերի մեջ և այս ճանապարհով կստանան համապատասխան լուծում: Հաշվետվությունից հետո մարզպետն այցելեց բուժամբուլատորիա և մանկապարտեզ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03