Նորություններ
Խախտվեց 50ամյա լռությունը
15.12.2014
50ամյա լռությունից հետո` դեկտեմբերի 13-ին, Հակոբ Մծբնա հայրապետի անունը կրող Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվեց ժամերգություն: Եկեղեցական արարողությանը ներկա էին գյուղապետ Աշոտ Թարվերդյանը, տեղակալ Արշակ Մեջլումյանը, ողջ գյուղապետարանը, Բուրաստանի և շրջակա համայնքների բնակիչները: Ժամերգությունն առ Աստված մատուցեց Դալարի ս. Մարիամ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը: 13-րդ դարի հինավուրց եկեղեցում խնկի բուրմունքի, բազմաթիվ վառվող մոմերի լույսերին միախառնվեցին ժամերգություն մատուցող քահանայի և հավատավոր ժողովրդի <<Տէր, ողորմեա>>-ն: Առ Աստված մատուցած աղոթքներից հետո տեր Եփրեմ քահանա Հարությունյանը խոսեց օրվա խորհրդի մասին: Նա ասաց, որ այսօր բոլոր Սուրբ Հակոբ եկեղեցիներն, ի պատիվ նրա տոնի, մատուցում են սրբասուրբ պատարագ: Հոգևոր հովիվը ներկայացրեց Մծբին քաղաքի հայրապետ Սուրբ Հակոբի կյանքն ու նրա հրաշագործությունները: Հորդորեց հավատավոր ժողովրդին` հետևել նրա օրինակին, ապրել սրբակենցաղ վարքով, օգնել տնանկին, թույլին, հիվանդին: Տեր հայրը խնդրեց սրբին բարեխոս լինել մեր և Աստծո միջև, խաղաղության մեջ պահել մոլորակը, այդ թվում` Հայաստան աշխարհը:
17-րդ դարի այս հինավուրց եկեղեցին զորանոց, թունաքիմիկատների պահեստ դառնալուց հետո մասնակիորեն հարդարվել է: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանն աշխատանքներ է տանում Արարատյան Հայրապետական թեմի հետ եկեղեցին վերաօծելու համար, որից հետո ամեն կիրակի եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ: Դեկտեմբերի 13-ին` Սուրբ Հակոբի տոնի օրը, պատարագ մատուցվեցին մարզի երեք համանուն եկեղեցիներում: