Նորություններ
Ջրահովիտը` լուծելի հիմնախնդիրներով
15.12.2014
Դեկտեմբերի 12-ին Ջրահովիտ համայնքում գյուղապետ Համլետ Ղազարյանը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին ու համայնքին տված հաշվետվությունում ավելի շատ նշեց հիմնախնդիրները, քան կատարված աշխատանքները: Գյուղը գազաֆիկացված է, լուծվել է նաև ոռոգման ջրի հարցը: Հողերից 30հա չի ոռոգվում, որոշակի աշխատանքներ կատարելուց հետո ` 2015թ., վերոնշյալ հեկտարը կմտնի գյուղօգտագործման շրջանառության մեջ: Դպրոցը, գյուղապետարանը հիմնանորոգված չեն, ոռոգման ջրի ներքին ցանցը քայքայված է: Բուժամբուլատորիան, որ սպասարկում է շրջակա 4 համայնքներին, չունի հոսող ջուր, անհրաժեշտ գույք, կարիք ունի մասնակի հարդարման: Բուժամբուլատորիայի բոլոր հարցերը լուծվեցին տեղում` մարզպետի հետ հանդիպման ժամանակ, նրա կարգադրությամբ: Ծավալվեց բուռն քննարկում: Համայնքի բնակիչները հանդես եկան տարբեր առաջարկություններով. նրանք խնդրեցին մարզպետին, որ Երևանից եկող ավտոբուսը հասնի մինչև գյուղ, ինչպես նաև համայնքին ապահովել Գառնիի ջրով: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը կխոսի գծատիրոջ հետ և ամեն ինչ կանի, որ առաջիկայում ավտոբուսը հասնի Ջրահովիտ: 2015թ. ծրագրի մեջ առաջնահերթության սկզբունքով կընդգրկվեն դպրոցի, գյուղապետարանի հիմնանորոգումը, ինչպես նաև կմաքրվի 10.5 կմ երկարությամբ դրենաժային ցանցը: Մարզպետը դարձյալ անդրադարձավ ենթակառուցվածքների աշխատանքին, ինչպես միշտ իր և նրանց գերակա խնդիրը համարեց բնակիչների սոցիալական վիճակի բարելավումը: Նա դարձյալ ընդգծեց ՀՀ կառավարության օգնությունը գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:
Ռուբիկ Աբրահամյանն անդրադարձավ երեխաների ամառային հանգստին: Սոցիալապես անապահով ընտանիքների 345 երեխաներ հանգստացան Հանքավանի <<Հեքիաթների կիրճ>> մանկական առողջարարական կենտրոնում: Նա հավաստեց, որ 2015թ. ևս ավելի մեծ թվով երեխաներ կհանգստանան նույն կենտրոնում: Մարզպետը խոսեց նաև բաց դռների, գյուղացիներին տրված պարարտանյութերի, անվճար սերմացուի մասին` ասելով, որ 2015թ. ՀՀ կառավարությունը ` մարզպետների հետ մեկտեղ, կշարունակի իրականացնել օգնության ծրագիրը: