Նորություններ
Հանրահայտ կվարտետն` Արտաշատում
18.12.2014

Դեկտեմբերի 16-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ` մարզ ժամանեց Կոմիտասի անվան կվարտետը: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում նրանք հանդես եկան համերգով: Այն նվիրված էր Կոմիտասի ծննդյան 145 ամյակին:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը մարզի չորս տարածաշրջանի մտավորականներով լեփ-լեցուն դահլիճին ներկայացրեց Կոմիտասի կյանքը, ուսումնառության տարիները, խոսեց նրա աստվածատուր տաղանդի մասին: Վաղ հասակում Կոմիտասը Փարիզում կարողացավ իր նվագով հիացնել խստապահանջ հանդիսատեսին: Նա խոսեց հատկապես Կոմիտասի կողմից գեղջկական երգերի հավաքագրման և նրանց մշակման մասին: Մեծարժեք այդ ժառանգությունը հայ ժողովրդի և համայն մարդկության հարստությունն է:
Կվարտետը հանդես եկավ Կոմիտասի <<Սոնա յար>>, <<Կռունկ>>, <<Անտունի>>, <<Չինար ես >> և մյուս ստեղծագործություններով: Կվարտետը կատարեց նաև Հենդելի ստեղծագործություններից: Յուրաքանչյուր կատարում արժանանում էր հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Հանդիսատեսը դահլիճից դուրս եկավ հոգեպես հարստացած ու բավականացած: