Նորություններ
Սարքավորումներ` Մասիսի առողջապահական կենտրոնին
19.12.2014
Սարքավորումներ` Մասիսի առողջապահական կենտրոնին
Դեկտեմբերի 19-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և <<BirthLinek>> ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելեցին Մասիս քաղաքի բժշկական կենտրոն: Հյուրերին դիմավորեցին մարզպետարանի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը, կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը: Այցելության նպատակը հիվանդանոցին սարքավորումներով վերազինելն էր: Բարեգործները հիվանդանոցին տրամադրեցին վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ` վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, երակային ներարկման պոմպ: 12 անուն` 21000 դոլար արժողությամբ սարքավորումները լիարժեք հնարավորություն կտան ծննդատանը, և վերոնշյալ ախտանիշներով հղիները այլևս չեն դիմի Երևանի տարբեր կենտրոններին: Ըստ Ալեքսանդր Ղուկասյանի տվյալների` նախքան սարքավորումներ ձեռք բերելը, չնայած բժշկական անձնակազմի մասնագիտական բարձր կարողություններին, անզոր էին համապատասխան օգնություն ցույց տալ ծնված հասուն և անհաս երեխաներին: Այժմ այդ սարքավորումները կտեղադրվեն ծնարանում, որով մանուկներին ցույց կտրվի հրատապ օգնություն:
Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ շնորհակալություն հայտնելու հարկ չկա` այս ամենն իրենք անում են ազգի ապագայի համար, և ցանկացավ, որ ծննդատանն ավելի շատ երեխաներ ծնվեն:
Այս տարի ծնվել է 667 նորածին: Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց <<BirthLink>> Հկ-ի տնօրեն Քեթի Մելորին և Ռալֆ Յիրիկյանին բարեգործության համար: