Նորություններ
Զորակոչային հանձնաժողովի նիստ
24.12.2014
Դեկտեմբերի 23-ին Արարատի մարզպետարանում կայացավ Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ` մարզի երեք տարածաշրջանների զինկոմների, 97 համայնքների ղեկավարների, ուժային կառույցի աշխատողների, ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հակոբյանի մասնակցությամբ: Նիստը վարում էր Մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նա ներկայացրեց նիստի մասնակիցներին և ասաց, որ հավաքվել են` ամփոփելու 2014թ. զորակոչի արդյունքները և ծանոթանալու 2015թ. ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացքին:
Կատարված աշխատանքների և ձմեռային զորակոչի ընթացքի մասին զեկուցեցին տարածաշրջանների զինկոմները: Ձմեռային զորակոչի ժամանակ մարզից նոր զորակոչիկներ կհամալրեն հայոց բանակի շարքերը: Զորակոչային բժշկական հանձնաժողովները ձմեռային զորակոչին նախապատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ: Զինապարտները ստուգվել են, կատարվել է լաբորատոր հետազոտում, հաճախ ախտորոշումը ճշտելու համար զորակոչիկները հետազոտվել են Երևանի տարբեր առողջապահական կենտրոններում:
Զինապարտությունից խուսափած, արտերկրում, ինչպես նաև Հայաստանում գտնվող զորակոչիկների, ուժային կառույցների, համայնքների ղեկավարների, ծնողների հետ տարվում է համապատասխան աշխատանք:
Ավտոդպրոց ավարտած զինակոչիկները կմեկնեն բանակ` որպես վարորդներ:
2014թ. զորակոչը լավագույնս կազմակերպելու համար Արտաշատի զինկոմիսարիատը առաջին կարգի զինկոմիսարիատների շարքում գրավել է 2-րդ, Մասիսի զինկոմիսարիատը` 2-րդ կարգի զինկոմիսարիատների շարքում` 1-ին պատվավոր տեղը: Երկուսն էլ արժանացել են Պատվավոր դրոշի:
Զինկոմիսարները ներկաներին հավաստիացրին, որ այս տարի ևս` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի աջակցությամբ, ձմեռային զորակոչը կկատարվի 100 տոկոսով: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը գովեց զինկոմների, ոստիկանության, համայնքապետների համատեղ աշխատանքը և ասաց, որ ավելի սերտացնեն վերոհիշյալ կապը, ինչը կնպաստի ձմեռային զորակոչի բարեհաջող ընթացքին: Զորակոչային հանձնաժողովի նախագահն ասաց նաև, որ նրանք համապատասխան խրախուսանքի կարժանանան կատարած աշխատանքի համար:
Ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին: Նախքան պատանիների բանակ մեկնելը, եթե նրանք մկրտված չեն` կմկրտվեն, ապա հոգևորականների օրհնությամբ և ազգային դհոլ-զուռնայի նվագի ներքո կգնան համալրելու հայոց բանակի շարքերը: Զորակոչը կշարունակվի մինչև հունվարի 31-ը: