Նորություններ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
30.12.2014
Սիրելի հայրենակիցներ, ավարտվում է 2014 թվականը, որը մեզ համար ամենից առաջ աշխատանքի, արարման տարի էր:
Մեր երկիրը էլ ավելի առաջ գնաց մեր ջանքերով, գյուղացու չարչարանքով ու մանկավարժի վաստակով, բժշկի նվիրումով ու գիտնականի մտքի թռիչքով, ձեռնարկատիրոջ համառությամբ:
Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Թող 2015-ը խինդ ու երջանկություն, նոր եռանդ ու երազանք պարգևի բոլորին,նոր ձեռքբերումներով պսակի յուրաքանչյուրիս ջանքերը:
Թող Ամանորի թարմ շունչը մտնի յուրաքանչյուր ընտանիք, որտեղ տքնել գիտեն հանուն զավակների, որտեղ հարգել գիտեն ու մեծարել: Որտեղ գիտեն ներել ու նվիրվել: Որտեղ կարողանում են սահման ու Հայրենիք պաշտպանել: Մեր հայրենիքի պաշտպանը՝ հայկական բանակը, էլ ավելի հզորանա, միշտ մնա անպարտելի և անխոցելի:
Մենք մտնում ենք նոր տարի` նոր հույսերով և մեծ ակնկալիքներով: Համոզված եմ, որ ունենալու ենք հաջողություններ և ձեռքբերումներ բոլոր ասպարեզներում:
Սիրելի հայրենակիցներ,շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ երջանկություն, առողջություն ու լավատեսություն: Թող Նոր տարին ապահովություն ու խաղաղություն, աշխատանք և բարօրություն բերի մեր ընտանիքներին, յուրաքանչյուրիս:
Շնորհավոր Նոր տարի:
Ռուբիկ Աբրահամյան
ՀՀ Արարատի մարզպետ