Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ

22.01.2015

Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին: Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին`
- ՀՀ համայնքային 2014 թ. բյուջեների կատարմանն ու 2015 թ. բյուջեների հաստատմանը.
- վարչական հսկողության 2015թ. աշխատանքային ծրագրին.
- ՀՀ համայնքների տեղեկատվական բազայի թարմացմանը.
- մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվելիք վերաբաշխումներին.
- համայնքների խոշորացմանը.
- մարզերին հատկացված պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմնացուների դիմաց ունեցած պարտքերին.
- ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու կարգի և պայմանների մանրամասներին:

Խորհրդակցության սկզբում ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզպետների հետ իրականացվելու է ամենօրյա աշխատանք, և ինքն անձամբ մասնակցելու է յուրաքանչյուր եռամսյակ անցկացվող մարզային խորհուրդների նիստերին: Դիմելով մարզպետներին` Ա. Երիցյանը մասնավորապես հորդորեց ավելի սերտացնել աշխատանքը քաղաքապետերի ու գյուղապետերի հետ, և խոստացավ այցելել բոլոր համայնքներ` տեղում ծանոթանալու առկա խնդիրներին:

Օրակարգային հարցերի շարքում նախարարին ներկայացվեց ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման 2014 թ. հաշվետվությունը: Դրա համաձայն` 2014 թ. ՀՀ համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 115,340,102 հազար դրամի դիմաց կազմել են 113,985,069 հազար դրամ (կատարողականը` 98.8%): 2013 թ. համեմատությամբ` եկամուտներն աճել են 7.9 %-ով կամ 8,344,610 հազար դրամով:
Ընդամենը սեփական եկամուտները (այսինքն` առանց պաշտոնական դրամաշնորհների) նախատեսված 33,797,265 հազար դրամի դիմաց կազմել են 33,241,506 հազար դրամ (կատարողականը` 98.4 %): 2013 թ. համեմատ` սեփական եկամուտների հավաքագրումը աճել է 10.2 %-ով կամ 3,082,443 հազար դրամով: Ընդ որում` ընդհանուր ցուցանիշով 2012-2013 թթ. համեմատ աճ է գրանցվել բոլոր մարզերում:

ՏԿԱԻ նախարարին զեկուցեցին նաև, որ Վարչական հսկողության 2015 թ. աշխատանքային ծրագրի համաձայն` նախատեսվում է տարվա ընթացքում հսկողություն իրականացնել 10 մարզի 311 համայնքում: Այս տարվա 1-ին եռամսյակում հսկողություն է իրականացվելու 67 համայնքում:

2015 թ. հունվարի 2-ից սկսած, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (Բելառուս, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն) աշխատելու համար ՀՀ քաղաքացիներից չի պահանջվում ունենալ թույլատվական բնույթի որևէ փաստաթուղթ, այդ թվում` պատենտ: ԵՏՄ անդամ պետությունների տարածքներում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայք

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15